Բաժիններ՝

Նուր Սուլթանում մեկնարկել է Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլը

Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում սկսվել է Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլը Աստանայի ձեւաչափով։ Ապրիլի 25-ին Ritz Carlton հյուրանոցում ընթանում են մասնակիցների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի (Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների), ինչպես նաեւ պաշտոնական Դամասկոսի, սիրիական ընդդիմության եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Գեյր Պեդերսենի երկկողմ եւ եռակողմ փակ հանդիպումները:

Նոր փուլն սկսվել է Ռուսաստանի եւ Իրանի պատվիրակությունների հանդիպմամբ: Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի՝ Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, Իրանի պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով օգնական Ալի Ասքար Հաջին, Թուրքիայինը՝ արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը: Ղազախստանի մայրաքաղաք են ժամանել նաեւ Սիրիայի կառավարության եւ զինված ընդդիմության, Հորդանանի՝ որպես դիտորդ երկրի պատվիրակությունները:

«Աստանայի» թվով 12-րդ փուլը կավարտվի ուրբաթ՝ ապրիլի 26-ին: Այդ օրը կկայանա լիագումար նիստ եւ կընդունվի բանակցությունների ամփոփիչ փաստաթուղթը:

Հիմնական հարցերը, որոնք հանդիպման մասնակիցները մտադիր են քննարկել բանակցությունների ընթացքում, Սիրիայի սահմանադրական կոմիտեի ձեւավորումն է, որն ընթանում է արդեն ավելի քան մեկ տարի եւ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով, կավարտվի մոտ ժամանակներս, ինչպես նաեւ բանակցությունների այս ձեւաչափին նոր երկրների ներգրավումը եւ Սիրիայի հյուսիս-արեւմուտքի Իդլիբի նահանգում ահաբեկիչների հարցի լուծումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս