Ֆրանսիան աշխարհին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության ուղերձ է հղում. Մուրադ Փափազյանը հարցազրույց է տվել C News հեռուստաընկերությանը

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ամրագրելով՝ Ֆրանսիան հաստատում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը:

C News հեռուստաընկերության հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Նախեւառաջ, մենք ուզում ենք մեր երախտագիտությունը հայտնել Ֆրանսիային եւ նախագահ Էմանուել Մակրոնին, ով իսկապես կարեւոր քայլ կատարեց՝ ապրիլի 24-ը հանրապետության օրացույցում ամրագրելով որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր։ Միեւնույն ժամանակ սա ուղերձ է՝ հղված ամբողջ աշխարհին՝ առ այն, որ Ֆրանսիան հաստատում է անհրաժեշտությունը, որ Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվի եւ հատկապես Թուրքիայի կողմից, որ հերքում է այն արդեն 104 տարի, եւ Թուրքիայի Հանրապետության նախագահի կողմից, որ բավարարվում է կատարելապես անհեթեթ ժխտողականությամբ»,- ասել է Փափազյանը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 11-ին ստորագրել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը: Հրամանագրում նշվում է, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Ֆրանսիայում կնշվի Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օրը, յուրաքանչյուր տարի այդ օրը Փարիզում միջոցառում կանցկացվի, նմանատիպ միջոցառումներ կարող են կազմակերպել նաև մյուս քաղաքները:

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպն ապրիլի 24-ին Փարիզում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, որը տեղի կունենա Կոմիտասի հուշարձանի մոտ՝ տեղի ժամանակով 18:45-ին:

Տեսանյութեր

Լրահոս