25 տարվա ամուսինները վիճաբանել են, ծեծել իրար. գործը հասել է դատարան. «Փաստինֆո»
2019 թվականի ապրիլի 11-ին Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Յ. Իսկոյանի նախագահությամբ, քննելով 25 տարվա ամուսինների ծեծկռտուքի դեպքի առթիվ դեռ նախորդ տարվա հոկտեմբերին հարուցված քրեական գործը, որոշում է կայացրել դատապարտել նրանց 40 եւ 50 հազար ՀՀ դրամի չափի տուգանի, ապա՝ համաներմամբ ազատ արձակել պատիժը կրելուց։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ամուսինները, որ Գեղարքունիքի մարզի բնակիչներ են, կենցաղային հարցի շուրջ գտնվել են լարված փոխհարաբերությունների մեջ, ինչի արդյունքում ամուսինը տևական ժամանակ հեռացել է տնից և բնակվել այլ վայրում: 2018 թվականի սեպտեմբերի 3-ին վերադառնալով իրենց բնակարան՝ կնոջից պահանջել է հեռանալ տնից, ինչի կապակցությամբ վիճաբանել են միմյանց հետ, որն ավելի ուշ վերածվել է փոխադարձ կռվի:
Ըստ քրեական գործի տվյալների՝ կինը հարձակվել է ամուսնու վրա՝ փորձելով նրան հրելով դուրս հանել բնակարանից, սակայն ամուսինը դիմադրել է և դուրս չի եկել։ Դրանից հետո կինը, վերցնելով խոհանոցային դանակը, իրեն պաշտպանելու նպատակով սպառնացել է ամուսնուն դրանով հարվածել, եթե վերջինս մոտենա իրեն կամ դուրս չգնա բնակարանից: Ամուսինը չի հավատացել կնոջ խոսքերին եւ մոտեցել է նրան, նրա նկատամամբ բռնություն գործադրելով խլել դանակը և նետել դուրս: Սկսված փոխադարձ կռվի ժամանակ ամուսինները քաշքշել են միմյանց և հարվածներ հասցրել մեկմեկու մարմնի տարբեր մասերին:
Ամուսնու հարվածներից մեկը դիպել է կնոջ քթին, ինչի արդյունքում վերջինիս քիթը վնասվել է։ Կինն էլ իր հերթին խոհանոցում դրված հախճապակյա տարրայով հարվածել է տանից հեռացող ամուսնու գլխին: Հարվածից վերջինս կորցրել է գիտակցությունը և վայր ընկել:
Դեպքի առթիվ ՀՀ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում 03.10.2018 թ.-ին հարուցվել էր քրեական գործ։ Կնոջը մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 117-րդ հոդվածով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը, իսկ ամուսնուն՝ 118-րդով, այն է՝ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Նշենք, որ ապրիլի 11-ին կայացած նիստում կինն իրեն մեղավոր է ճանաչել եւ նշել, որ դեմ չէ իր նկատմամբ համաներում կիրառելուն, իսկ ամուսինը մեղավոր չի ճանաչել՝ պնդելով, որ ինքն ընդամենը մեկ անգամ է բրդել և քաշքշել կնոջը, եւ ուրիշ հարված չի հասցրել։
Այսպիսով՝ կինն ու ամուսինը դատապարտվել են համապատասխանաբար 50.000 ու 40.000 ՀՀ դրամի չափով տուգանքների եւ համաձայն Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի, ինչպես նաեւ՝ «Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի կողմից 01.11.2018թ. ընդունված օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի՝ անմիջապես համաներմամբ ազատ են արձակվել պատիժը կրելուց։