Ի՞նչ են թաքցնում պետական կառավարման մարմինները
Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է բաց և թափանցիկ աշխատելու, ժողովրդին հաշվետու լինելու մասին, պետական կառավարման մարմինները սկսել են մի տեսակ ավելի գաղտնապահ դառնալ։ Չհաշված, որ ոչ միշտ է հաջողվում ժամանակին ստանալ պատշաճ տեղեկատվություն այս կամ այն հարցի վերաբերյալ, ինչը ոչ վաղ անցյալում նույնիսկ առիթ տվեց Ազգային ժողովում ֆինանսների նախարարին անվստահություն հայտնելու համար, վերջին շրջանում առանձին պետական կառավարման մարմիններ աշխատում են հնարավորինս ձգձգել անգամ իրենց ոլորտներին վերաբերող պաշտոնական վիճակագրության հրապարակումը։
Ահավասիկ` դեռևս ապրիլի առաջին օրերին Պետեկամուտների կոմիտեի նախագահը հատուկ ասուլիս հրավիրեց` ներկայացրեց առաջին եռամսյակի հարկահավաքման արդյունքները, բայց այդպես էլ մինչև հիմա ՊԵԿ-ի կայքում դրանք չեն տեղադրվել։ Ավարտվում է ապրիլը, սակայն առայժմ հրապարակված են հարկային մուտքերի միայն հունվար-փետրվարի ցուցանիշները։
Թե ինչո՞ւ է ուշանում ցուցանիշների հրապարակումը, եթե արդեն ամփոփվել են, դժվար է ասել։ Դրա համար հավանաբար որոշակի պատճառ կա։
Ամեն դեպքում մի բան փաստ է, որ այդ հրապարակումները թույլ են տալիս շատ ավելի ամբողջական պատկերացում կազմել հարկահավաքման իրական վիճակի մասին, քան կարող է ներկայացնել ՊԵԿ նախագահը։
Այնպես չէ, որ այս առումով ՊԵԿ-ը եզակի է։ Այդպես է անում նաև Ֆինանսների նախարարությունը։
Ավարտվում է չորրորդ ամիսը, բայց մինչև այժմ հրապարակվել է բյուջեի միայն առաջին երկու ամիսների կատարողականի հաշվետվությունը։
Նույն վիճակն է նաև Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի դեպքում։
Թե ո՞րն է տվյալների հրապարակումը ձգձգելու պատճառը, մնում է միայն գուշակել։ Թվում է, թե որևէ նշանակություն չունի՝ ցուցանիշները կհրապարակվեն մեկ ամիս շո՞ւտ, թե՞ մեկ ամիս ուշ։
Իրականում, սակայն, տարբերությունը շատ մեծ է. որքան ուշ են դրանք հրապարակվում` այնքան կորցնում են իրենց արդիականությունը։
Գուցե ուշացնելու նպատակը հենց դա՞ է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ