«Երբ գնաք Գյումրիի տնակային ավաններ, և այնտեղ հարցնեն, թե ինչու է 124 մլն հատկացվել այդ օրվա տոնակատարության համար, ի՞նչ եք պատասխանելու»
«Քաղաքացու օրվա» հետ կապված՝ կառավարությունը մշակել է միջոցառումների ցանկ, որ սկսվում է առավոտյան ժամը 10-ից և ավարտվելու է երեկոյան ժամը 9։30-ին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին տեղեկացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Չենք կենտրոնանալու Երևանում, գնալու ենք նաև մարզեր։ Ընդ որում՝ մարզերում են լինելու ոչ միայն «Իմ քայլը» խմբակցության տվյալ ընտրատարածքը ներկայացնող պատգամավորները, այլև՝ այլ պատգամավորներ։ Մասնավորապես՝ ես այդ օրը չեմ լինի Երևանում, այլ կլինեմ 3 մարզերում՝ Շիրակ, Լոռի և Տավուշ»,- ասաց Լ.Մակունցը։
Հարցին՝ երբ գնաք Գյումրիի տնակային ավաններ, և այնտեղ հարցնեն, թե ինչու է 124 մլն հատկացվել այդ օրվա տոնակատարության համար, ի՞նչ եք պատասխանելու, Մակունցը նշեց, որ ծախսերի բացվածքը պետք է ստանալ կառավարությունից.
«Ես մասնակից չեմ եղել և չգիտեմ՝ ինչ է որոշվել։ Պետք է իմանանք ծախսերի բացվածքը, որպեսզի կարողանանք դատել՝ արդյոք նպատակայի՞ն է ծախսվել»։