«Մենք Մանվել Գրիգորյանի կամ Դավիթ Սանասարյանի դեպքերում չենք ասում՝ ինքը մեղավոր է կամ անմեղ է». Ալեն Սիմոնյան
«Այսօր իրավապահ մարմինների հանդեպ վստահություն կա, ընդհանուր առմամբ երկրում մարդկանց մոտ պետականության հանդեպ վստահություն է հայտնվել, որովհետև իրենք են ձևավորել իշխանությունը: Այսօր Արթուր Վանեցյանն ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչներից մեկն է, որովհետև իր աշխատանքով ապացուցել է և իր գործողություններով արժանացել է դրան: Դա տալով և վերցնելով, փաստաթղթով չի»,- 168.am-ին ասել է ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Դավիթ Սանասարյանին ԱԱԾ-ի կողմից մեղադրանքի առաջադրման մասին:
Ըստ նրա՝ «Իմ քայլում» «սանասարյանական» ու «վանեցյանական» թևեր չկան, և այս հարցում շահերի բախումը բացառվում է. «Ի՞նչ շահերի բախում: Ամեն ինչի մեջ տրամաբանություն պետք է լինի: Եթե ընտրություններ լինեին կամ այլ, գուցե… Տիգրան Ուլիխանյանի անունն էին տալիս, բայց պարզվեց, որ Տիգրան Ուլիխանյանը ոչ մի կապ չունի այդ պաշտոնի հետ, և ոչ մի կապ չունի Արթուր Վանեցյանի հետ»:
Հարցին, թե ինչո՞ւ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում անմեղության կանխավարկածի մասին Սանասարյանի դեպքում, երբ մինչ այս, այլ հնչեղ գործերով, օրինակ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի, կամ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի, այդ կանխավարկածը չէր շեշտվում, Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ նախկին ու ներկա դիրքորոշումների որևէ տարբերություն չի տեսնում: «Որևէ մեկը խախտե՞լ է Մանվել Գրիգորյանի անմեղության կանխավարկածը: Ինչո՞ւմ է տարբերությունը»:
Ըստ նրա՝ անմեղության կանխավարկածը մեծամասամբ վերաբերում է քրեական գործի վրա ազդեցություն ունենալու կամ չունենալու հարցին.
«Չի կարող որևէ ազդեցություն ունենալ այն, եթե ես ասեմ, որ շատ բացասական եմ վերաբերվում Մանվել Գրիգորյանին և այն քրեական գործին, որն այսօր կա: Ես նաև բացասական եմ վերաբերվում Դավիթ Սանասարյանի գործի հետ կապված, դա ինձ նաև լարում է, որ մարդ կարող է չհասկանալ, և իրականության մեջ միգուցե նման բան կարող է լինել: Բայց որոշողը դատավորն է: Մենք Մանվել Գրիգորյանի կամ Դավիթ Սանասարյանի դեպքերում չենք ասում՝ ինքը մեղավոր է կամ անմեղ է: Դա այնքան բարակ եզրույթ է, որ նույնիսկ իրավաբանները չեն կարող հստակ տարանջատել»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: