«Մարդիկ ազատ են նշել այն, ինչ իրենց հետաքրքիր է». Ալեն Սիմոնյանը՝ Երևանում մարիխուանայի միջազգային օրվան նվիրված ակցիայի մասին
«Կարծում եմ՝ մարդիկ ազատ են նշել այն, ինչ իրենց հետաքրքիր է»,- այսօր խորհրդարանում լրագրողներին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով շաբաթ օրը Երևանում մարիխուանայի միջազգային օրվան նվիրված ակցիային:
Ըստ նրա՝ Քաղաքացու օրվա համար հատկացված 124 մլն դրամի ծախսային ուղղություններն իրեն հայտնի չեն: Սիմոնյանը շեշտեց, որ այսօր շատ կարևոր օր է, երբ մեկ տարի առաջ ձերբակալվեցին Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, և ինքը մի քանի ընկերների հետ միանձնյա մնաց ու պետք էր պահել.
«Ինձ համար այսօրվանից սկսած ամեն օր էլ տոն է՝ մինչև շատ ավելի մեծ իրադարձություններ»:
Ա.Սիմոնյանի կարծիքով՝ Քաղաքացու օրը հերթական տոնախմբություն չէ, այլ շատ կարևոր իրադարձության արձանագրում է. «Խոսքը քաղաքացու դերակատարման մասին է և քաղաքացին է այսուհետ որոշելու ՀՀ գրեթե ամեն ինչ: Եվ այդ օրը չնշելը, առավել ևս համեստ ձևով, կարծում եմ, սխալ կլիներ»:
Սիմոնյանը նկատեց, որ պետք է հետաքրքրվել նաև, թե ինչ տոնակատարություն է անցկացվելու. «Խոսքը չի գնում 124 մլն-ը փուչիկ առնելու մասին: Խոսքը գնում է քննարկումների, քաղաքացիական գիտակցությունը է՛լ ավելի բարձրացնելու և այդ երևույթը ավելի զարգացնելու մասին, որը բերելու է ՀՀ-ն էլ ավելի մեծ հաղթանակների»: