Վահե Գրիգորյանը կրկին կառաջադրվի՞ ՍԴ անդամի պաշտոնի համար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի նոր ընտրություն կազմակերպելու մասին: Ըստ այդմ՝ մինչև մայիսի 3-ը դատավորների թեկնածուները պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը:

Համառ լուրերը շարունակվում են, որ ՍԴ անդամի թափուր աթոռը զբաղեցնելու է փաստաբան Վահե Գրիգորյանը: Դեռ անցյալ տարվանից խոսակցություններ կային, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց նրան է տեսնում ՍԴ ապագա նախագահի պաշտոնում: Սակայն Վ.Գրիգորյանի թեկնածության առաջադրման առաջին անհաջող փորձից հետո, երբ անցած տարի հոկտեմբերին 6-րդ գումարման ԱԺ-ն չընտրեց նրան, ակտիվացան խոսակցությունները, որ Գրիգորյանը չի կարող այլևս առաջադրվել, քանի որ պետք է առաջադրվի «նոր թեկնածու»:

Մեջբերվում էր ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված 141-րդ հոդվածի 8-րդ՝ «Եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է նոր թեկնածու»: Այս շահարկումներին վերջ տալու նպատակով մարտի վերջին խորհրդարանն ընդունեց ԱԺ կանոնակարգ և ՍԴ մասին սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր հանել «նոր թեկնածու» եզրույթը, սակայն, ի վերջո, այն պահպանվեց, փոխվեց միայն ժամկետը. «Եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու»:

Սակայն օրենքը մեկնաբանվեց, որ, եթե նոր թեկնածուն այս անգամ էլ չընտրվի, նա չի կարող որպես ՍԴ անդամի նոր թեկնածու՝ մեկ անգամ էլ ներկայացվել, մինչդեռ այն թեկնածուները, որոնք առաջադրվել են ԱԺ 6-րդ գումարման նստաշրջանում և չեն ընտրվել, նրանց թեկնածությունը 7-րդ գումարման նստաշրջանում կարող է առաջադրվել:

168.am-ը փորձեց այս թնջուկի մասին պարզաբանում ստանալ խորհրդարանական ուժերից, օրինակ՝ Վահե Գրիգորյանի թեկնածությունը կարո՞ղ է կրկին ներկայացվել ՍԴ անդամի պաշտոնի համար:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ Սահմանադրությամբ նախատեսված են այն սուբյեկտները, որոնց ՀՀ նախագահը չի կարող առաջադրել՝ որպես ՍԴ անդամ.

«Օրենքով չենք կարող այդ սուբյեկտների շրջանակն ընդարձակել: Այսինքն՝ օրենքով չես կարող գրել, որ նախագահը չի կարող առաջադրել նախկինում առաջադրված որևէ մեկին»:

Մեր ճգրտող հարցին՝ այսինքն, որևէ անձի մեկ անգամ առաջադրված լինելը չի՞ խանգարում կրկին ներկայացնել նրա թեկնածությունը, Ն.Բաղդասարյանը պատասխանեց. «Սահմանադրությամբ նման արգելք չկա»:

Միաժամանակ, իշխանական պատգամավորը բացառեց որևէ քաղաքական բաղադրիչ՝ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժելու մեջ. «Քաղաքական բաղադրիչ ես չեմ տեսնում: Ես Գոռին ճանաչում եմ մոտ 10 տարի՝ որպես շատ լավ, գրագետ, Սահմանադրությունն իմացող անձնավորություն, բայց նրա ներկայացրած փաստաթղթերը չէին համապատասխանում»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կարծիքով ևս՝ օրենքը չի արգելում արդեն առաջադրված անձին, օրինակ՝ Վահե Գրիգորյանին, նորից առաջադրվել. «Այո՛, իրավունք ունեն առաջադրելու, Ազգային ժողովն էլ իրավունք ունի ընտրելու կամ չընտրելու: «Նոր» բառը մենք չպետք է տարածական մեկնաբանության ենթարկենք, զուտ առաջադրման իմաստով՝ «նոր» բառը, իմ կարծիքով՝ որպես իրավաբան, չի արգելում նույն Վահե Գրիգորյանին նորից առաջադրվել»:

«Ես՝ որպես նաև նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, լսել եմ նրա ելույթը, մենք հարցեր ենք տվել, և նախորդ գոմարման ԱԺ-ում Վահե Գրիգորյանը չստացավ պատգամավորների մեծամասնության ձայնը: Բայց քանի որ այսօր «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից շատերը շեշտում են, որ իրենք մեծամասնություն են, և ինչպես կուզեն, այնպես կանեն, բնական է, դրա իրավունքն ունեն: Բայց թե նույն մարդու համար որքանով է հարմարավետ նույն հարցի վերաբերյալ, նույն թեմայի շրջանակներում գալ և կանգնել նույն ամբիոնի առջև, արդեն թող ինքը որոշի:

Անձամբ ես երկրորդ անգամ նույն բանին չեմ հավակնում, բայց չեմ կարող կանխորոշել ուրիշների կարծիքը, գուցե ինքը հարմար է գտնում: Համենայն դեպս, ԱԺ-ում քաղաքական ուժերի փոփոխությունը կարող է մարդու մոտ տպավորություն ստեղծել, որ իր երբևէ չգնահատված արժանիքները կարող են գնահատվել նոր Ազգային ժողովում»,- ասաց Գ.Պետրոսյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով, սակայն, նախկինում առաջադրված թեկնածուներն իրավունք չունեն նորից ներկայացվելու.

«Տարբեր մեկնաբանություններ կան, մեկն այն է, որ, եթե ասվում է «նոր թեկնածու», դա նշանակում է՝ նոր թեկնածու, խորհրդարանում չքննարկված թեկնածու»:

Թե ի՞նչ հանգամանքներում հինը կարող է համարվել նոր, Է. Մարուքյանը պատասխանեց.

«Ես չեմ կարող ասել՝ տասը իրավաբան՝ տասը կարծիք: Օրենքը տարբեր ձևերով մարդիկ մեկնաբանում են: Ես այդպես եմ հասկանում օրենքը, որ նոր թեկնածու նշանակում է՝ նոր մարդ: Կապ չունի՝ Ազգային ժողովը փոխվե՞լ է, թե՞ ոչ: Ազգային ժողովը մարմին է, եթե փոխվել է, ուրեմն նախկին ընդունված օրենքներն էլ չկատարենք, էլի: Եթե նորից առաջադրեն, կարձագանքենք: Բայց եթե այդպես լինի, ուրեմն Էմիլ Բաբայանն էլ կարող է ներկայացվել, Գոռ Հովհաննիսյանն էլ»:

Փորձեցինք նաև ճշտել անձամբ Վահե Գրիգորյանի դիրքորոշումն ու մտադրությունը՝ հավակնո՞ւմ է այդ պաշտոնին, թե՞ այլևս ոչ: Գրիգորյանը, նշելով իր խիստ զբաղվածությունը, խոստացավ հարցերին պատասխանել հաջորդ շաբաթ:

Տեսանյութեր

Լրահոս