«Եղել է խոստում, որ գողացված գումարները պետք է հետ բերեն, 50/50-ի համար պետք է պատժվեն, եթե խոստումը չեն կատարում, նշանակում է՝ ամեն ինչ արվել է մեկ նպատակի՝ իշխանության գալու համար». Արա Պապյան
«Վարչապետը խոստացել էր, որ պետք է շրջել պատմության անիվը և արտագաղթը փոխարինել հայրենադարձությամբ, սա հստակ խոստում է։ Արդյո՞ք այսօր տեղի են ունեցել օրենսդրական փոփոխություններ, որը դյուրացրել է ներգաղթը, իհարկե՝ ոչ։ Մենք տեսնում ենք, որ այն մարդիկ, որոնք փորձ են անում վերադառնալ Հայաստան, բախվում են նույնպիսի բյուրոկրատական դժվարությունների, ինչպես նախկինում էր։ Էլ չեմ ասում հայրենադարձության համար որոշակի տնտեսական հիմքերի ստեղծման մասին։ Հիմա կա հերթական խոստումը, որի մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց երեկ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, որ պետք է վարկավորման ինչ-որ դյուրացումներ լինեն ներգաղթյալների համար։ Երբ լինի՝ կասենք՝ արել են, բայց կոնկրետ ներգաղթի հետ կապված՝ կան միայն խոստումներ»,- նշեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե մեկ տարվա ընթացքում ՀՀ վարչապետն ի՞նչ խոստումներ է տվել, որոնք դեռևս չի կատարել։
Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Փաշինյանն առաջարկել էր, որ կարող են առանձնացնել իր տված խոստումները, և նշել, թե դրանցից որոնք է կատարել, որոնք՝ ոչ։
Քաղաքագետի խոսքով՝ խոստում է եղել նաև, այսպես կոչված, թալանված փողերի վերաբերյալ, որ դրանք «կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի պետական բյուջե», սակայն այսօր շատերին բռնում ու բաց են թողնում։
Ա. Պապյանի համար հասկանալի չեն ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված դեպքերը, քանի որ մարդկանց նախապես տեղյակ են պահում, որ նրանց նկատմամբ կարող է սկսվել քաղաքական հետապնդում, և այն բանից հետո, երբ տվյալ մարդիկ լքում են երկիրը՝ հայտարարում են հետախուզում։
«Սա հասկանալի չէ, այսինք՝ դրա նպատակը ո՞րն է։ Երբ որևէ երկրում որևէ մեկին պետք է պատասխանատվության ենթարկեն, աշխատում են նվազագույնի հասցնել տեղեկատվության արտահոսքը։ Եղել է խոստում, որ գողացված գումարները կոպեկ առ կոպեկ պետք է հետ բերեն, թող վերադարձնեն, եղել է խոստում, որ 50/50-ի համար պետք է պատժվեն՝ պետք է պատժեն, հակառակ պարագայում կստացվի, որ այս ամեը արվել է մեկ նպատակի՝ իշխանության գալու համար, որը բնավ ընդունելի չէ»,- շեշտեց քաղաքագետը։
Ըստ նրա՝ եթե իշխանափոխություն տեղի ունենար սովորական ընտրությունների ճանապարհով, ապա այսօր իշխանություններին որևէ մեկը չէր կարողանա մեղադրել, բայց գործող իշխանությունը հեղափոխական է, և նրանցից պահանջվում է հեղափոխական տեմպեր։
Խոստումներից մեկն էլ վերաբերում է Արցախի հարցին, որը, քաղաքագետի կարծիքով՝ այսօր մնացել է ստվերում, քանի որ վարչապետը միշտ նշել է, որ կարևոր հարցերի շուրջ կլինի համաժողովրդական քննարկում։
«Սակայն այսօր տարբեր տեղերից տարբեր լուրեր ենք ստանում, այս հարցի շուրջ բավականին վատ զարգացումներով, երբ մարդիկ հստակ ասում են, որ սեղանին դրված է 2016 թվականին լավրովյան առաջարկը։ Եթե նման բան չկա, թող մեր կառավարությունը հայտարարի, որ դա սուտ է։ Եթե դրված է անվտանգության խնդիրը, ապա այլևս որևէ մեկը կարևոր չէ՝ Սաշիկն էլ, Գագիկն էլ, քանի որ մենք երկիր կկորցնենք։ Շատ ավելի կարևոր է մեր անվտանգության խնդիրները, քան, երբ սպառողը մանրածախ առևտրի ընթացքում ՀԴՄ վերցնի կամ չվերցնի»,- հավալեց Արա Պապյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան