Հեղափոխությունը խժռում է իր զավակներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է քննիչի կայացրած որոշումը և ժամանակավորապես դադարեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը։ ԱԱԾ-ն հայտնել է, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Դավիթ Սանասարյանն ինքը հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը շինծու է։ Ընդհանրապես, Պետական վերահսկողության ծառայության պետի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները շատ բազմաշերտ են։ Տպավորություն է ստեղծվում, թե գործ ունենք ներիշխանական ինչ-ինչ հակամարտության հետ։

Մյուս կողմից, սակայն, շատ խորհրդանշական է Դավիթ Սանասարյանի հայտարարությունը՝ իր նկատմամբ գործի սարքված, շինծու լինելու մասին։ Եթե նա ճիշտ է ասում, ստացվում է, որ հետհեղափոխական Հայաստանում հարուցված բոլոր քրեական գործերն էլ կարող են շինծու լինել։

Ընդ որում, Սանասարյանն իր հայտարարությամբ անուղղակիորեն մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ ԱԱԾ-ն ենթարկվում է հենց վերջինիս, ինչպես Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայությունը։

Ստացվում է, որ վարչապետին ենթակա կառույցներից մեկը գործ է հարուցել վարչապետին ենթակա մեկ այլ կառույցի ղեկավարի նկատմամբ, վերջինս էլ հայտարարում է, որ գործը շինծու է։

Դավիթ Սանասարյանը թավշյա հեղափոխության ամենաակտիվ մասնակիցներից մեկն էր, և, փաստորեն, գործ ունենք իրավիճակի հետ, երբ հեղափոխությունը խժռում է իր զավակներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930