Բաժիններ՝

Ցեմենտի գների հնարավոր բարձրացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսության հետագա զարգացման վրա

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ապրիլի 12-ին դրական եզրակացություն ստացավ պետական տուրքի և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը պաշտպանում է տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների շահերը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ իրանական ցեմենտի ցածր գինը ճնշող ազդեցություն է թողնում շուկայի վրա, քանի որ պատրաստի ցեմենտը սահմանին վաճառվում է 17-18 ԱՄՆ դոլար։

Կառավարությունն առաջարկում է ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար՝ 22 հազար դրամ։

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանին հետաքրքրում է՝ արդյո՞ք այս նախագիծը չի հակասում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին՝թե՛ որպես ԵԱՏՄ անդամ, և թե՛ որպես Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ-պետություն:

«Հարց է առաջանում ՝պետական տուրքն օրենքի ո՞ր հոդվածով և դրույթներով է համարվում ոչ սակագնային կարգավորման գործիք, առավել ևս՝ պաշտպանական»,- կառուցապատողների և կառավարության ներկայացուցչի հետ քննարկման ժամանակ ասաց նա:

«2018 թվականին ՀՀ-ում ցեմենտի տարեկան իրացման ծավալները կազմել են շուրջ 68.000 տոննա, գերակշիռ մասը՝ 75 տոկոսը, կազմել է տեղական արտադրության ցեմենտը, իսկ շուրջ 25 տոկոսը եղել է ներմուծված: Վերջին տարիներին ցեմենտի ներմուծման ծավալները մեծ տեմպերով աճ են գրանցել, դա պայմանավորված է մի շարք գործոններով՝ այդ թվում՝ իրանական ռեալի հիպերինֆլյացիայով, որը դոլարի նկատմամբ արժեզրկվել է երեք անգամ: Մենք մի կողմից՝ դրական ենք գնահատում Կառավարության ջանքերը և քայլերը՝ տեղական արտադրողներին ցեմենտի օրինագծի առաջադրման տեսանկյունից պաշտպանելու նախագիծը, բայց մենք չպետք է մոռանանք կառուցապատողների շահերը, որովհետև նրանք արդեն իսկ ունեն կնքված պայմանագրեր՝ հիմք ընդունելով ցեմենտի նախկին գինը, իսկ օրենքն ուժի մեջ մտնելուց 10 օր հետո այն արդեն կիրառվելու է:

Ցեմենտի գների հնարավոր բարձրացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսության հետագա զարգացման վրա: Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ շինարարության ոլորտը 2018թ. կազմել է համախառն ներքին արդյունքի շուրջ 6.8 տոկոսը, և այսօր ՀՀ-ն տնտեսական երկարաժամկետ զարգացում ապահովելու համար պետք է ունենա դիվերսիֆիկացված տնտեսական կառուցվածք»,- մանրամասնեց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրենը:

«Սոնի Թրեյդ» ընկերության ներկայացուցիչ Արամ Խաչատրյանի խոսքով՝ ՀՀ-ում միշտ եղել է բարձր արտադրողականություն, ցեմենտի գործարանները միշտ արտադրել են 800.000 տոննայից ոչ պակաս, բայց ստվերը շատ մեծ է եղել:

«Տարիներ շարունակ 80 տոկոսը ստվերում է եղել, բայց գնալով կրճատվել է, անցած տարի մոտ 30 տոկոս կլիներ: Նախորդ կառավարությունները սահմանել են բարձր հսկիչ գին, որը եղել է մոտ 200 դոլար, հեղափոխությունից հետո մեկ ամսով դարձավ մոտ 100 դոլար: Տեմպերով սկսել են ներկրել իրանական ցեմենտ, ու մեր ժողովուրդը տեսավ, որ այն շատ որակյալ է: Հիմա հսկիչ գինը կրկին դարձավ 200 դոլար: Անցած տարի եղել են հավասար պայմաններ. իրանական ու տեղական արտադրողի ցեմենտը վաճառվել է նույն գնի շրջանակում, բայց հունվարի 1-ից սկսած ներքին արտադրողներն իջեցրել են 20-25 տոկոս ցեմենտի գինը»,- հավելեց Արամ Խաչատյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս