«Հավատացեք, եթե ես Լենա Նազարյանին կամ մյուսներին հորդորեի, ասեի՝ ոտքով բարձրացեք Մասիս սարը և մի բուռ ձյուն բերեք, դա իրենց համար ավելի ցանկալի գործ կլիներ, քան օրենքներ կարդալը». Գևորգ Պետրոսյան

«Ես հասկանում եմ, որ իրենց համար գիրք կարդալը, գիրք կարդալու հորդոր լսելը շատ ծանր պարտականություններ են, իրենք իրենց դրանից երկար ժամանակ մեկուսացված, ազատված են համարել, դրա համար էլ այսօր բարդություններ ունեն առանց կարդալու ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու հարցում: Իրենք բարդություններ ունեն իրենց պատգամավորական լիազորություններն օրենքի շրջանակներում իրականացնելու հարցում:

Եվ հավատացեք, եթե ես այդ պատգամավորներին՝ Լենա Նազարյանին կամ մյուսներին հորդորեի, ասեի՝ ոտքով բարձրացեք Մասիս սարը և մի բուռ ձյուն բերեք, դա իրենց համար ավելի ցանկալի գործ կլիներ, քան օրենքներ կարդալը»,- «168 Ժամ»-ին ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Լենա Նազարյանի՝ իրեն ուղղված կոչին՝ դադարել պատգամավորներին ասել, թե ինչ գրքեր ու օրենքներ կարդան:

Ըստ նրա՝ չնայած ՀՀ Սահմանադրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով պատգամավորի համար իրավաբան լինելը չի սահմանվում որպես պարտականություն, առնվազն մի բան ակնհայտ է՝ եթե պատգամավորը չի տիրապետում երկրի հիմնական օրենքին, առավել ևս չտիրապետելով հանդերձ քաղաքական թիվ մեկ ամբիոնից այլակերպում և այլասերում է Սահմանադրության դրույթը, չի կարելի չնյարդայնանալ.

«Պետական ապարատը պետք է մաքրել անգրագետ, կրթության, գիտության, կարդալու, գրքի, օրենքի հետ կապ չունեցող մարդկանցից: Եթե երկրի վարչապետը ցուցում է տալիս ընդամենը դրոշը պատին թեքած մարդուն (ընդ որում, որ դա իր պարտականությունը չի) աշխատանքից ազատելու, այդ ֆոնին շատ իրավաչափ է, որ ես էլ հորդորեմ, որ օրենքներից հեռու մարդկանց Ազգային ժողով և կառավարման համակարգ մտցնելը արգելելու համար»:

Կարդացեք նաև

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս