«Այդ անունն ու ազգանունն ինձ ոչինչ չի ասում…». Արտակ Զեյնալյանը ծանոթ չէ Էդգար Ծատինյանի մահվան դեպքին
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ծանոթ չէ Երևանի 36-ամյա բնակիչ Էդգար Ծատինյանի մահվան դեպքին, որն արդեն տևական ժամանակ է քննարկվում է ԶԼՄ-ներում և սոցցանցերում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ի պատասխան 168.am-ի հարցի, թե ի՞նչ կարծիք ունի այդ դեպքի մասին, Ա.Զեյնալյանը պատասխանեց.
«Այդ անունն ու ազգանունն ինձ ոչինչ չի ասում, ես երկու օր է աշխատում եմ Ազգային ժողովում: Տեղյակ չեմ դեռևս»:
Անդրադառնալով ՀՀ Ոստիկանության կազմավորման 101-ամյակի առթիվ իր խոսքին, որ այսօր տեսնում է խոշտանգումներից զերծ Ոստիկանություն, խոշտանգումները, ցուցմունքներ կորզելու պրակտիկան մնացել են անցյալում, նախարարը պարզաբանեց, որ ինքն ասել է, որ համատարած բնույթ չի կրում դա.
«Երկրում կան լրջագույն խնդիրներ, որոնք նաև օրենսդրական կարգավորման կարիք ունեն»:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած Երևանի 36-ամյա բնակիչ Էդգար Ծատինյանի ընտանիքը հայտարարում է, որ ապրիլի 7-ին Էդգար Ծատինյանին զանգել ու 4-րդ Մասիվի դատարանի շենքի մոտ է հրավիրել նրա ընկերը, ոստիկանության 7 ավտոմեքենա շրջապատել է նրանց, ձեռքերին շղթաներ անցկացրել ու տեղափոխել ոստիկանության բաժանմունք, որտեղ որդուն խոշտանգել են, թմրանյութ համարվող կրիստալը գցել Էդգարի գրպանը, որը վերջինս կուլ է տվել: Ոստիկանության բաժանմունքից Էդգար Ծատինյանին նախ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնուհետև՝ «Արմենիա» ԲԿ, որտեղ էլ ապրիլի 8-ի առավոտյան նա մահացել է: