Բաժիններ՝

«Ներդրվելու է միասնական տրանսպորտային համակարգ և կհայտարարվի մրցույթ». Հակոբ Արշակյան

«Մեզ մոտ ամենազգայուն թեման տրանսպորտի թեման է, և կարելի է արձանագրել, որ տարիների ընթացքում մեր տրանսպորտային ցանցը բավարար չափով չի զարգացել, և բավարար չափով մենք չենք կարողանում ապահովել մեր քաղաքացիների պատշաճ տեղափոխությունը, սա որևէ մեկի համար նորություն չէ»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ ամփոփելով նախարարության մեկ տարվա աշխատանքները։

Նախարարի խոսքով՝ տրանսպորտի ոլորտը նախարարության ուշադրության կենտրոնում է, և նախարարությունը նախաձեռնել է տրանսպորտային միասնական համակարգի ներդրման գործընթաց։

«Նոր համակարգի միջոցով կարող ենք տեսնել, թե ինչ ցանց է, որ ընկերությունն է այն սպասարկում։ Օրինակ՝ Արագածոտնի մարզում նոր համակարգում ներառված են բազմաթիվ նոր բնակավայրեր։ Այժմ տեղի է ունենում ուղևորահոսքերի հաշվարկների ճշգրտում, որի արդյունքում ունենալու ենք ցանցի ավելի ճշգրիտ պատկերը, թե ինչ ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցներ են անհրաժեշտ, ինչ քանակությամբ, ինչ հաճախությամբ պետք է շարժվեն։ Այս ամենից հետո տեղի կունենա մրցույթ՝ կենտրոնացված ուղևորացանցի համար, և կգործարկվի նոր ցանցը։ Այժմ այս ամբողջ տեղեկատվությունը հավաքագրվում և մշակվում է, որով մեր Տրանսպորտի վարչությունը զբաղվում է»,- շեշտեց Հակոբ Արշակյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ հաջորդ ամիս ուղևորահոսքերի պատկերն ամբողջությամբ պատրաստ կլինի, որից հետո կանցնեն մոդելավորման փուլին։

Ըստ նախարարի՝ տրանսպորտի միասնական համակարգը ենթադրում է միասնական տոմսային համակարգ, որպեսզի մարդը մի կետից մյուս կետը գնալու համար հստակ պատկերացնի, թե որտեղ պետք է իջնի և ինչ այլ տրանսպորտ նստի։

«Օպերատորների բաշխման գործընթացը կախված է կոնկրետ ուղղությունների եկամտաբերության աստիճանից։ Այդ հաշվարկը նույնպես կատարվում է։ Հասկանալի է, որ ոչ եկամտաբեր ուղղությունները հայտարագրվեն եկամտաբեր ուղղությունների հետ, և այդպիսով՝ մրցույթները հայտարարել, որպեսզի հնարավոր լինի իրականացնել ինվեստիցիոն ծրագրերը։ Այս փուլի մասին դեռ վաղ է խոսել, քանի որ անհրաժեշտություն ունենք ամբողջական տվյալների հավաքագրման և հասկանալու համար, թե այս կամ այն երթուղու ինքնարժեքները որքան կլինեն։ Կոնցեպտուալ առումով պլանավորում ենք, որ կոնկրետ մարզային երթուղիները հավաքվեն ամենամոտիկ մարզկենտրոնում և այնտեղից միանան Երևանին, որպեսզի մայրաքաղաք եկող և գնացող տրանսպորտային մասը բեռնաթափվի և կարողանանք ապահովել ճիշտ լոգիստիկա»,- ընդգծեց Հակոբ Արշակյանը։

Նրա փոխանցմամբ՝ այստեղ դեռևս հաշվարկներ չեն արվել, սակայն այն պետություն-մասնավոր հատվածի համագործակցությունն է, և չի բացառվում, որ պետության համար մեծ ծախսեր չլինեն։

Թե ի՞նչ պետք է լինի ներկայիս ուղևորափոխադրող ընկերությունների հետ, Հակոբ Արշակյանը նշեց, որ դրվելու են հստակ ստանդարտներ, եթե կլինեն տրանսպորտային միջոցներ, որոնք կհամապատասխանեն այդ ստանդարտներին, ապա հնարավորություն կունենան մասնակցել  մրցույթին։

«Մենք տարանջատում չենք դնում հին և նոր ուղևորափոխադրողների միջև, կան մարդիկ, որոնք աշխատում են բազմաթիվ տարիներ, և նրանք պետք է հնարավորություն ունենան մասնակցել մրցույթներին»,- եզրափակեց Հ. Արշակյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս