
Լիլիթ Մակունցը առաջարկում է մշակել միասնական նախագիծ՝ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հարցուպատասխանի հրավիրելու համար

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին առաջարկեց մշակել օրենսդրական նախագիծ, որով հնարավոր կլինի ԱԺ-ում հարցուպատասխանի հրավիրել նաև ՀՀ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը:
Պատասխանելով ընդդիմադիրների այն պնդումներին, թե կառավարության կառուցվածքի փոփոխությունների շրջանակում նշված երկու ուժային կառույցները պետք է դառնան նախարարություններ, նա ասաց.
«Այն պնդումը, որ մենք վերահսկողություն չունենք Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ, ճիշտ չի արտացոլում իրական պատկերը: Այստեղ խնդիրն այն է, որ մենք, իհարկե, ցանկություն ունենք, որ նրանց աշխատանքները դառնան ավելի հրապարակային, և, օրինակ, հարցուպատասխանի ընթացքում այստեղ ներկա լինեն:
Այժմ «Իմ քայլը» խմբակցության անունից ես առաջարկ եմ անում իմ բոլոր գործընկերներին, ընդդիմադիր երկու խմբակցություններին, որ «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստ է հենց վաղը ձեզ հետ մշակել օրենսդրական նախագիծ, որով մենք ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը, այնպես ինչպես կառավարության մյուս մարմինները, կարող ենք օրենքով նախատեսված ժամանակացույցով հարցուպատասխանի ընթացքում հրավիրել Ազգային ժողով»:
Լիլիթ Մակունցը նշեց, որ իրենց քաղաքական ուժն այս պահին նպատակահարմար չի գտնում ուժային կառույցները դարձնել քաղաքական: