Բաժիններ՝

Եվրոպացի պատգամավորները ԵՄ-ից պահանջել են միջոցներ ձեռնարկել ԱՄՆ արտահանձնումից Ասանժին պաշտպանելու համար

Եվրամիությունը պետք է միջոցներ ձեռնարկի WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին պաշտպանելու համար, որին արտահանձնում է սպառնում ԱՄՆ: Այդ մասին ասված է Բունդեսթագի պատգամավորներ Հայկե Հենզելի եւ Սեւիմ Դագդելենի, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի իսպանացի պատգամավոր Անա Միրանդայի համատեղ հայտարարության մեջ, որոնք ապրիլի 15-ին բողոքի ակցիա են անցկացրել «Բելմարշ» լոնդոնյան բանտի պատերի մոտ, որտեղ գտնվում է Ասանժը:

«Մենք կոչ ենք անում բրիտանական կառավարությանը՝ Ջուլիան Ասանժին չարտահանձնել ԱՄՆ: Եվրոպական միությունը պարտավոր է բոլոր միջոցները ձեռնարկել քաղաքական դրդապատճառներով հետապնդվող հրատարակչին ու լրագրողին պաշտպանելու համար: Մենք կոչ ենք անում ԳԴՀ-ի եւ Իսպանիայի կառավարություններին՝ նրան տրամադրել քաղաքական ապաստան եւ աշխատել ԵՄ-ի ու Եվրախորհրդի շրջանակներում, որպեսզի երաշխավորվի Ասանժի պաշտպանությունն ու նրա արտահանձնման կանխումը»,-ասված է խորհրդարանականների ուղերձում, որը Twitter-ի իր էջում հրապարակել է Հենզելը:

«Ասանժի հետապնդումը վտանգավոր նախադեպ է ստեղծում, որի շնորհիվ աշխարհի ցանկացած կետում լրագրողները, ներառյալ ԵՄ-ի քաղաքացիները, կարող են արտահանձնվել ԱՄՆ, քանի որ նրանց կողմից տրամադրվող տեղեկատվությունը կարող է սպառնալիք դիտվել ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար,-նշվում է հայտարարության մեջ: Ասանժը, հավանաբար, կպատժվի հազարավոր քաղաքական փաստաթղթերի հրապարակման եւ ԱՄՆ-ի լուրջ ռազմական հանցագործությունների բացահայտման համար: Նրա դեմ առաջադրված մեղադրանքները հավասարազոր են վրեժխնդրության եւ ուղղված են հետեւորդներին զսպելուն»:

Եվրոպացի քաղաքական գործիչները դատապարտել են Էկվադորի իշխանությունների գործողությունները՝ դրանք որակելով «միջազգային իրավունքի աղաղակող խախտում»: «Էկվադորի կառավարությունն այժմ փորձում է ուշադրությունը շեղել օրենքի խախտումից՝ ապատեղեկատվության եւ զրպարտանքի արշավ ծավալելով Ասանժի նկատմամբ, որպեսզի նրան անվանարկի հավարակայնության աչքում»,-հավելել են պատգամավորները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս