Բաժիններ՝

«Հասարակությունն իրավունք ունի իմանալ՝ ումի՞ց է ստանում իր համար կարևոր տեղեկությունները». Երևանի Մամուլի ակումբի նախագահ

«Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկությունն առհասարակ ժողովրդավարական հասարակարգի համար անհրաժեշտ պայման է, բայց այն, որ ակտուալ է դարձել, այդ գործընթացը ցավալի պետք չէ համարել, դա շատ բնական երևույթ է, որովհետև, եթե ուզում ենք, որ լրատվամիջոցներն արդար խաղի կանոններով աշխատեն լսարանի հետ, ապա թափանցիկությունը կարևոր պայմաններից մեկն է: Լավ կլինի, որ լրատվամիջոցն իրական սեփականատիրոջը բացահայտի, վերջինն էլ բաց խաղա հասարակության հետ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը:

Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ համամիտ լինելով հնչած կարծիքին՝ նշեց.

«Շատ լավ հիշում ենք, որ, երբ Հայաստանում նոր իշխանություններ էին գալիս, անմիջապես վերաբաշխում էր տեղի ունենում լրատվական դաշտում, և այն լրատվամիջոցները, որոնք մի քաղաքական ուժի ձեռքում էին, անցնում էին մյուսի հսկողության տակ:

Այդ նույն գործընթացը մենք այսօր չենք տեսնելու, եթե անգամ վերցնենք Հանրային հեռուստաընկերությունը, որը կարող էր դառնալ իշխանական, բայց այդպես չեղավ, ու մենք հանգիստ կարող ենք տեսնել ընդդիմության լայն ներկայացվածություն Հանրային հեռուստաընկերությունում և Հանրային ռադիոյում: Հուսով եմ, որ առաջիկայում նոր երևույթը կամրապնդվի: Սա նշանակում է, որ մեր ոլորտի կարգավորումը գնալով առավել քաղաքակիրթ բնույթ պետք է ստանա:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցների իրական սեփականատերերին, ապա հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ումի՞ց է ստանում իր համար կարևոր տեղեկությունները, և կարողանա որոշել, թե որքանո՞վ վստահի, սրբագրի այն ինֆորմացիան, որը ստանում է, փորձի նույն ինֆորմացիան տարբեր աղբյուրներից ճշտել:

Եթե ընդդիմադիր խումբը կամ գործիչն ասում է, որ այս լրատվամիջոցն իրենն է, դա դեռ չի նշանակում, որ իր դեմ կկիրառվեն պատժիչ միջոցներ, հակառակը, դրանով ավելի շատ պաշտպանված կլինի, որովհետև ցանկացած ոտնձգություն տվյալ լրատվամիջոցի նկատմամբ՝ անմիջապես ստանալու է քաղաքական աստառ:

Մենք չենք կողմնորոշվելու տարբեր բամբասանքներով, թե՝ սա նրանն է, ուրեմն այսպես է, և այլն: Ամեն ինչ թափանցիկ ու հստակ պետք է լինի, և այնտեղ, որտեղ կարող ենք տեսնել ճնշումներ, կստանան համապատասխան հակահարված քաղաքացիական հասարակության ու լրագրողների կողմից»:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանն էլ նշեց. «Լրատվամիջոցները պետք է ազնիվ ու արդար լինեն իրենց լսարանի հետ ու օր առաջ հրապարակեն իրենց իրական սեփականատերերին: Նման կերպ վարվելով՝ բերելու են լսարանի, ընթերցողների կտրուկ աճին, որովհետև այսօր կա թերահավատություն, մամուլի հեղինակության անկումն էլ առկա է»:

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանի փաստմամբ էլ՝ ԶԼՄ-ի հետ կապված առկա են երեք հիմնական կոռուպցիոն խնդիրներ:

«Առաջինը սեփականության հարցն է. կան ռիսկեր, որ այն կարող է վտանգել բազմակարծությունը: Խնդրահարույց է դառնում այն դեպքում, երբ լրատվամիջոցները կենտրոնացված են մի քանի ուժերի ձեռքում, ինչը կարող է հանգեցնել գրաքննության և խոսքի ազատության ճնշումների: Երկրորդը ֆինանսավորումն է:

Անկախ սեփականությունից՝ լրատվամիջոցը կարող է ստանալ ֆինանսավորում տարբեր անձանց, կազմակերպությունների կողմից և կատարել պատվերներ, երրրորդն անհատ լրագրողների կամ լրատվամիջոցների աշխատակիցների կողմից դրսևորվող խնդիրներն են, որոնք կարող են ոչ ճիշտ ներկայացնել տվյալները, խաթարել ինֆորմացիան, և այլն: Այս խնդիրների լուծումը պետք է իրականացվի մի քանի եղանակով: Առաջին երկուսն օրենսդրական կարգավորման կարիք ունեն:

Օրենքը, բացի դեկլարատիվ բնույթից, պետք է ապահովի մեխանիզմները, որոնցով լրատվամիջոցները պատասխանատվության կենթարկվեն, օրինակ՝ համապատասախան ինֆորմացիա չներկայացնելու պարագայում: Իսկ երրորդ խնդիրը, որն անհատներին է վերաբերում, պետք է էթիկայի նորմեր սահմանվեն՝ նվերների, շահերի բախման ու այլ հարցերի անդրադառնալու համար»,- ասաց Սոնա Այվազյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս