
Թուրքիայում օդի աղտոտվածության պատճառով տարեկան 30․000 մարդ է մահանում

Թուրքիայում առնվազն 60 մլն մարդ ամեն օր աղտոտված օդ է շնչում։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (TBMM)՝ շրջակա միջավայրի հարցերով վարչության կողմից հրապարակված «Օդի աղտոտվածության» տարեկան զեկույցից։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ըստ այդմ՝ օդի աղտոտվածության ամենաբարձր աստիճանը գրանցվել է Իզմիր, Ստամբուլ, Անկարայում, Ադանա, Քահրամանմարաշ, Էրզրում և Աղրը նահանգներում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր տարի 7 մլն մարդ է մահանում օդի աղտոտվածության պատճառով։ Իսկ ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հրապարակած վերջին զեկույցի՝ Թուրքիայում յուրաքանչյուր տարի նույն պատճառով կյանքից զրկվում է 30․000 մարդ։
Ֆոսիլային վառելիքների, ջերմային էլեկտրակայանների, արդյունաբերական ծխի և, ի վերջո, փոշու պատճառով աղտոտվող օդը մեծ վտանգ է ներկայացնում առողջության համար։ Օդի աղտոտվածության պատճառով առաջացող հիվանդությունների շարքում առաջին տեղում շնչառական համակարգի հիվանդություններնն են՝ ընդհուպ մինչև թոքերի քաղցկեղը։