Ինչու է Բելգիայի նոր օրենքը շրջանցում Հայոց ցեղասպանությունը. Պարզաբանում է Շիրակ Թորոսյանը

Ապրիլի 24-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատը կընդունի օրենսդրական նախաձեռնություն, որն ընդլայնում է ռասիզմի և քսենոֆոբիայի մասին հոդված 20-ի գործառույթները: Առավել հայտնի որպես Մուրոյի օրենք՝ այն ընդունվել է 1981 թվականին, և չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը, այլ միայն Ռուանդայի և Սրեբրենիցայի ցեղասպանություններին:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ավելի քան 10 տարի Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է օրենքը շրջանցում Հայոց ցեղասպանությունը, ինչո՞ւ է այսպիսի խտրական մոտեցում և ի՞նչ են պատրաստվում անել:

«Ոչ մի խտրական մոտեցում չկա, Բելգիան արդեն իսկ մի քանի մակարդակներով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, 1998 թ-ին Բելգիայի Սենատն է ճանաչել, 2015թ. հունիսին Բելգիայի վարչապետն է վերահաստատել Սենատի ճանաչումը և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, և 2015 թ. հուլիսին Ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ է ընդունել Բելգիայի խորհրդարանը՝ Ներկայացուցիչների պալատը: Այնպես որ, բոլոր մակարդակներում Բելգիան ընդունել է Հայոց ցեղասպանությունը, ընդ որում՝ 100-րդ տարելիցի տարում՝ 2015-ին, ՀՀ կառավարության և խորհրդարանի ակտիվ դիվանագիտության արդյունքում, և՛ վարչապետը, և՛ Ներկայացուցիչների պալատը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այստեղ որևէ խնդիր չկա:

Ինչ վերաբերում է այդ նոր օրենսդրական նախաձեռնությանը, որ տեղի է ունենալու ապրիլի 24-ին, ապա խոսքը վերաբերում է քսենոֆոբիայի և ռասիզմի մերժման մասին դեռևս 1981թ-ին Բելգիայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքին, և հիմա նոր նախաձեռնությամբ դրա 20-րդ հոդվածի շրջանակների ընդլայնում է քննարկվում, այսինքն՝ արգելվում է մերժել միջազգային դատարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները: Իսկ միջազգային դատարանի կողմից ճանաչված են Ռուանդայի և Սրեբրենիցայի ցեղասպանությունները: Հետևաբար՝ սա բոլորովին ուրիշ ձևաչափ է, քանի որ միջազգային դատարանը Հայոց և այլ ցեղասպանություններ չի ճանաչել, բացի այդ երկուսից, օրենքի ընդլայնումը վերաբերում է միջազգային դատարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտողականությունը մերժելուն: Ընդամենը սա է»,- ասաց Շ.Թորոսյանը:

Ըստ նրա՝ միջազգային դատարանը դատապարտել է վերջին շրջանում տեղի ունեցող ցեղասպանությունները, իսկ Ռուանդայի և Սրեբրենիցայի ցեղասպանությունները վերջին 20-25 տարում են եղել, և դեռևս անդրադարձ չի կատարել նախկինում կատարված ցեղասպանություններին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությանը և հրեական Հոլոքոստին:

Մեր դիտարկմանը, որ ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանը որևէ ձևով չանդրադարձավ Հայոց ցեղասպանությանը, այսօր ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերությունների մեջ այն ո՞ր տեղում է, Շ.Թորոսյանը վստահեցրեց, որ Ցեղասպանության ճանաչումը մշտապես համարվում է Հայոց արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը և Ցեղասպանության ճանաչման հարցը գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում. «Վերջին միայն մի քանի օրերին ՀՀ արտգործնախարարը Ռուանդայում մասնակցեց Ռուանդայի ցեղասպանության հիշատակի միջոցառումներին, հանդես եկավ ելույթով և վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը՝ շարունակել ակտիվությունը ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման գործում, և նշեց հատուկ, որ եթե մենք քայլ չենք կատարում ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ, ապա դրանով հնարավորություն ենք տալիս հերթական ցեղասպանության մեկնարկին: Եվ նաև Արարատ Միրզոյանը Կատարում, մասնակցելով այդ միջոցառումներին, իր ելույթում մատնանշեց ցեղասպանությունների դատապարտման, ճանաչման, կանխարգելման առաջնահերթությունը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ: Նաև վարչապետն իր ելույթներում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանին ուղղված, մշտապես մատնանշել է Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, և ընդհանրապես ցեղասպանությունների կանխարգելման առաջնահերթությունը ՀՀ արտաքին քաղաքականությունում»:

Հիշեցնելով, որ վերջերս Իտալիայի խորհրդարանը ճանաչեց Ցեղասպանությունը, Շ.Թորոսյանը համոզմունք հայտնեց, որ գործընթացը շարունակական է լինելու:

Տեսանյութեր

Լրահոս