«ԵԽԽՎ-ում շեշտը հիմնականում դրվել է Արցախի հակամարտության վրա». Թուրքագետը՝ ԵԽԽՎ-ում վարչապետի ելույթի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 11-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստում:
Վարչապետի ելույթից հետո բազմաթիվ կարծիքներ հնչեցին այն մասին, որ ԵԽԽՎ-ում վարչապետը չխոսեց մի քանի կարևոր հարցերի շուրջ, այդ թվում՝ չբարձրաձայնեց Հայոց ցեղասպանության մասին։ Մասնավորապես այս մասին իր մտահոգությունը ֆեյսբուքյան էջում հայտնել էր նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԽԽՎ-ում վարչապետի ելույթին և Հայոց ցեղասպանության մասին չհիշատակելուն, նկատեց՝ ի պատասխան թուրք պաշտոնյայի հնչեցրած հարցերի, մեծամասամբ խոսվել է Արցախի հակամարտության հետ կապված։

«Կարող ենք ասել, որ շեշտը հիմնականում դրվել է Արցախի հակամարտության վրա։ Իսկ Ցեղասպանության հետ կապված որևէ հարց չի եղել թուրք պաշտոնյայի կողմից, այդ թեմայով որևէ խնդիր չի բարձրաձայնվել։ Չնայած որևէ հարց չի եղել, այդուհանդերձ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը շարունակում է մնալ ակտուալ, և պատահական չէ, որ ԱՄՆ-ի նահանգներից միայն մեկը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Կարծում եմ՝ առանց այդ թեմայի հետ կապված հարց հնչեցնելու՝ պետք է անդրադարձ կատարվեր, քանի որ Հայոց ցեղասպանության հարցն այն հարցն է, որը կազմում է Հայաստանի պետական քաղաքականության բաղկացուցիչ մասը։ Այդ առումով՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Թուրքիայի դիրքորոշումներն արդեն հայտնի են, ՀՀ վարչապետը և Թուրքիայի նախագահը նույն հարցն են առաջ քաշում։

Օրինակ՝ մարտ ամսին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ Թուրքիայի համար Հայոց ցեղասպանության հարց գոյություն չունի, ինչը եղավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունից հետո, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում կնշվի՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր։ Շատ հնարավոր է՝ այս հայտարարությունների հետ կապված՝ Հայոց ցեղասպանության մասին ԵԽԽՎ-ում խոսք չեղավ։ Չնայած վարչապետ Փաշինյանն իր նախկին  ելույթներից մեկում նշել էր, որ պատրաստ է շարունակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունը, ինչպես որ շարունակել են նախկին բոլոր իշխանությունները»,- ասաց թուրքագետը։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, թուրքագետը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը որևէ կերպ չի նպաստել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների փոփոխությանը, քանի որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը՝ ինչպես Հայոց ցեղասպանության հարցի, այնպես էլ՝ հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից, որևէ կերպ չի տարբերվում ՀՀԿ-ի վարած քաղաքականությունից։

«Նիկոլ Փաշինյանը վերջերս նշել էր, որ Հայաստանի կողմից հայ-թուրքական սահմանը բաց է, և խնդիրներ չկա, սակայն իրականում Թուրքիայում այդպես չեն կարծում: Հակառակը՝ ինչպես Թուրքիան, այնպես էլ՝ Ադրբեջանն այդ հարցում ունեն միասնական պաշտոնական դիրքորոշում, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք նույնպես չի փոխվել, նրա իշխանության օրոք երկու երկրների հարաբերությունների հարցում որևէ դրական տեղաշարժ չի արձանագրվել՝ ամեն ինչ նույնն է մնացել։

Ավելին՝ թուրք պաշտոնյաները շարունակում են առաջ քաշել իրենց այն տեսակետը, որ քանի դեռ չի լուծվել Արցախի հարցը, հայ-թուրքական սահմանը շարունակելու է փակ մնալ։ Իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիան շարունակում է ապավինել պատմաբանների հանձնաժողով կազմելու տարբերակին»,- եզրափակեց Մուշեղ Խուդավերդյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս