Բաժիններ՝

«Ճաշարանի համար 1000 դրամով տանից դուրս եկած ուսանողները գետնանցումից դուրս գալիս կարդում են՝ «Խաղա և կշահես 20 մլն դրամ», ու կգայթակղվեն»

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը ներկայացրեց իր հեղինակած «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է սահմանափակել շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտի ընկերությունների կողմից առաջարկվող ծառայությունների գովազդը, հասարակության խոցելի խմբերին զերծ պահելու դրանց ազդեցությունից:

Ըստ նրա՝ հասարակության լայն շերտ, կամա թե ակամա, շփվում է հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցով և արտաքին գովազդով տարածվող նյութի հետ` առանց տարիքային սահմանափակման, իսկ գովազդվող ապրանքների և ծառայությունների շարքում հանդիպում է նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպիչների ծառայությունների գովազդ, որը հասանելի է տարիքային բոլոր խմբերի համար, օրվա ցանկացած ժամի: Հ.Հակոբյանի կարծիքով՝ պետք է հստակեցնել կազմակերպիչների կողմից գովազդի տեղադրման պայմանները:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ, եթե պայքարում են խաղամոլության դեմ, պետք է համաչափ պայքարեն, որ ոմանք չտուժեն, ոմանք՝ շահեն:

Սարգսյանը նշեց, որ վիճակախաղերի մասին Ալեն Սիմոնյանի օրինագծի վերաբերյալ 1in.am-ն իր խոսքն էր հրապարակել, ու տեսանյութի սկզբում մի քանի վայրկյան «Տոտո գեյմինգի» գովազդն է գնացել. «Սա անընդունելի է: 1in.am-ը պետք է սրա մասին մտածի: 1in.am-ը պայմանական օրինակ եմ բերում, «Լուսավոր Հայաստանը» կարա բան չանի»:

Հ.Սարգսյանը նշեց, որ նախագծով պետք է արգելվի նաև սպորտային միջոցառումների ժամանակ գովազդելը. «Չպետք է իրավունք ունենան սպորտային միջոցառումների ժամանակ գովազդ անելու»:

Նրա հաշվարկով՝ ոլորտի ընկերություններից մեկը 70 մլն տուրք է մուծում վահանակների համար, և դա այն գրասենյակն է, որ ամենաքիչն է գովազդ անում, այսինքն՝ ընդհանուր 300 մլն վնաս է հասցվելու համայնքային բյուջեներին:

Հակոբյանը հայտարարեց, որ կառավարության գնահատմամբ՝ բյուջեն ոչ մի էական վնաս չի կրելու: Նրա համոզմամբ՝ պետք է արգելել նաև վահանակների վրա մոլախաղերի գովազդումը, քանի որ, եթե ծնողը կարող է սահմանափակել հեռուստացույցով կամ համացանցով գովազդների հասանելիությունն իր 16 տարեկան երեխային, ապա ավտոմեքենայի միջից վահանակները չի կարող փակել, իսկ ճաշարանի համար 1000 դրամով տանից դուրս եկած ուսանողները գետնանցումից դուրս գալիս կարդում են՝ «Խաղա և կշահես 20 մլն դրամ», ու գայթակղվեն. «Թող վերանա: Եթե բարեխիղճ լինեին, չափերի մեջ պահեին իրենց, գուցե էս անհրաժեշտությունը չառաջանար»:

«Ոչ մի 16 տարեկան երեխա կողքերը չի նայում, հեռախոսին են նայում ու Ֆեյսբուքի գովազդներն են տեսնում»,- հակադարձեց Հ.Սարգսյանը՝ նկատելով, որ այս մասին տեսանյութերն էլ սկսվելու են խաղերի գովազդով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս