«Հուսով եմ, որ ԵՄ կողմից բանակցող մեր գործընկերները կցուցաբերեն մաքսիմալ հավասարակշռվածություն»

Ապրիլի 1-2-ը Բուխարեստում Ռումինիայի խորհրդարանի կողմից կազմակերպվել էր Եվրոպայի ներկա և ապագա խնդիրներին վերաբերող խորհրդաժողով, որի մի մասը վերաբերում էր նաև Արևելյան գործընկերությանը: Այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրեց, որ Արևելյան գործընկերության երկրներից ներկա էին Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան:

Նա նշեց, որ ԵՄ-ում տարանջատում են Հայաստանը Վրաստանից ու Մոլդովայից, քանի որ, ի տարբերություն այդ երկրների, ՀՀ-ն չի ստորագրել Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA), սակայն ինքը հիմնավորել է, որ Հայաստանն անցած տարվա քաղաքական իրադարձություններից հետո, անկախ որևէ պայմանագրի ստորագրումից, նույնիսկ DCFTA-ի քաղաքական մասով նախատեսված ծրագրերը կա՛մ կատարել է, կա՛մ գերակատարել, իսկ որոշ տեղերում շատ մեծ տեմպով առաջ է շարժվում: Դրա արդյունքում, Եղոյանի հավաստմամբ, տարբերակումը վերացել է:

Ա.Եղոյանը նշեց, որ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին աջակցության ուղղություններն արդեն համաձայնագրում նշված են՝ գյուղատնտեսություն, կրթություն, առողջապահությունից մինչև աշխատավայրերում անվտանգության ապահովում և այլն. «Այս ամենի համար պետք են ոչ միայն օրենսդրական նախաձեռնություններ, որոնք շուտով կլինեն, այլև ինստիտուցիոնալ փոփոխություններ»:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերից մեկին, թե ինչպե՞ս է ՀՀ-ն զարգացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ, արդյոք ԵԱՏՄ անդամ լինելը չի՞ խոչընդոտում,  Ա.Եղոյանը նշեց, որ ինքը ևս կարող է համանման հարցադրում անել՝ ինչպե՞ս է ԵՄ-ն համագործակցում Ռուսաստանի, Բելառուսի, կամ Ղազախստանի հետ.

«Ես որևէ խնդիր չեմ տեսնում, եթե մենք խնդրի մեջ չենք ներարկում աշխարհաքաղաքական էլեմենտներ: Մենք ԵՄ-ի հետ ունենք GSP+ հարկման արտոնյալ համակարգ, ունենք պոտենցիալի զարգացման տեղ և հանգիստ կարող ենք օգտագործել դա»:

ԵՄ-Ադրբեջան նախապատրաստվող պայմանագրում ՀՀ-ին անհանգստացնող կետերի առկայության վերաբերյալ Ա.Եղոյանը նշեց, որ խոսքը ԼՂ հիմնախնդրի կարգավորման կոնտեքստում այդ համաձայնագրում ենթադրվող ձևակերպումների մասին է, որոնք կարող են ազդեցություն ունենալ խնդրի վրա՝ դրական կամ բացասական.

«Այդ ձևակերպումները պետք է արվեն մաքսիմալ հավասարակշռված: Միայն երկկողմ հարաբերությունների վրա հենվելը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը, և հուսով եմ, որ ԵՄ-ի կողմից բանակցող մեր գործընկերները կցուցաբերեն մաքսիմալ հավասարակշռվածություն, որովհետև դրանից է կախված լինելու մեր հարաբերությունների հետագա ընթացքը»:

Տեսանյութեր

Լրահոս