«Կասկածներ չկան, որ ԵՄ-ն լիովին վավերացնելու է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, սակայն հարցը ժամկետն է»․ եվրոպացի վերլուծաբան

«ՀՀ-ԵՄ համաձայնագրերի վավերացման ողջ գործընթացի վրա դրական է ազդում ԵՄ կենտրոնական և մեծ ազդեցություն ունեցող երկրների կողմից դրա վավերացումը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Լոռ Դելքուրը՝ անդրադառնալով օրերս ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը Բունդեստագի կողմից։

Հիշեցնենք, որ օրերս Բունդեստագը ձայների մեծամասնությամբ վավերացրեց ԵՄ-ի և ՀՀ-ի միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Մինչ այս համաձայնագիրը վավերացրել էին Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, ՄԹ-ն, Ռումինիան և Դանիան: Եվրոպական ազդեցիկ երկրներից համաձայնագիրն առայժմ չի վավերացրել Ֆրանսիան: ԵՄ անդամ երկրների մեծ մասը չեն վավերացրել համաձայնագիրը։ Սակայն Գերմանիայի կողմից համաձայնագրի վավերացումը կարևորվում էր։ Կային ակնկալիքներ նաև, որ սա կխթանի անդամ մյուս երկրներին արագորեն վավերացնել համաձայնագիրը։

Լոռ Դելքուրը նշեց, որ այս համաձայնագրերի վավերացման ողջ գործընթացի վրա դրական են ազդում ԵՄ կենտրոնական և մեծ ազդեցություն ունեցող երկրների կողմից վավերացումը։ Ըստ նրա, արդարացված են ակնկալիքները, որ Բունդեստագի կողմից վավերացումը կարող է խթան դառնալ ԵՄ անդամ մյուս երկրների համար։

«Բնականաբար, կասկածներ չկան, որ ԵՄ-ն լիովին վավերացնելու է այս համաձայնագիրը, սակայն հարցը այն ժամկետն է, որի ընթացքում այս համաձայնագիրը լիովին կվավերացվի և հնարավոր կլինի այն իրացնել ամբողջ ծավալով։ Բայց պետք է հասկանալ, որ ԵՄ անդամ յուրաքանչյուր երկիր ունի իր ընթացակարգերը, իր քաղաքական օրակարգերը, որոնք հայտնվում են խորհրդարաններում և նման համաձայնագրերի վավերացման ժամկետները կախված են այս հանգամանքից։ Եվրոպական հանձնաժողովը սովորաբար հաշվի է առնում այս ամենը՝ առաջնորդվելով նաև տվյալ երկրի սահմանած օրակարգով և քաղաքական հավակնություններով։

Այս դեպքում Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ, վավերացնել այս համաձայնագիրը՝ ի թիվս այլ ծրագրերի, սակայն գտնվում է նաև ներքին փոփոխությունների ակտիվ փուլում, որոնք փոքր-ինչ երկարաձգում են այս գործընթացը։ Այսինքն՝ ընդհանուր վավերացման գործընթացը պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ ԵԽ-ում ընտրություններում, ԵՄ անդամ երկրների տրամադրվածություն, ներքին գործընթացներ և հայաստանյան գործոն։ Այս ամենը ձևավորում է այն պատկերը, որը ներկայումս կա»,- ասաց Լոռ Դելքուրը։

Նրա խոսքով, այս վավերացված համաձայնագիրը ՀՀ իշխանության համար ներքին բարեփոխումների լուրջ գործիք է, ուստի սա առաջնահերթ նշանակություն պետք է ունենա ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս օրակարգում։ «Առանց դրա վավերացման՝ հայկական կողմը չի կարող լիարժեք կերպով օգտվել այս համաձայնագրի հնարավորություններից»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս