Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզպետն առաջնահերթ խնդիր է համարում շրջակա միջավայրի մաքրության ապահովումը

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացված հերթական խորհրդակցության ընթացքում հանձնարարեց՝ ամենայն ուշադրություն սեւեռել աղբահանության ու աղբահեռացման խնդիրներին՝ բացառելու համար շրջակա միջավայրի աղտոտվածության դեպքերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, անդրադառնալով աղբահանության հետ կապված խնդրին՝ մարզպետը հանձնարարեց՝ լինել հետեւողական եւ գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի աղբահանությունն իրականացվի բոլոր համայնքներում, եւ բացառվեն շրջակա միջավայրի աղտոտման դեպքերը:

«Ելնելով առկա իրավիճակից՝ պետք է աշխատենք համայնք առ համայնք, բնակչության շրջանում տանենք բացատրական աշխատանք, գործադրենք համապատասխան լծակներ, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի՝ շրջակա միջավայրի մաքրության պահպանմանը: Այլապես այս վիճակը անհանդուրժելի է: Այս ամենը հատկապես ծանր է անդրադառնում Սեւանա լճի մաքրության պահպանման վրա: Այժմ ՀՀ կառավարությունում քննարկման փուլում է «Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը», որի ներդրմամբ այս ոլորտում շատ բան կարող է փոխվել դեպի դրականը: Իսկ մինչ այդ մենք պետք է անենք առավելագույնը»,- նշել է մարզպետը:

Գնել Սանոսյանն անդրադարձել է նաեւ մարզում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին: Մարզպետը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է՝ համայնքների հետ համագործակցության արդյունքում ապահովել ծրագրերի իրականացման հետ կապված բոլոր ընթացակարգերը, որպեսզի ներկայացված ծրագրերի մեկնարկը տրվի սահմանված ժամկետներում:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս