Բաժիններ՝

Մթերող նորահայտ անուններն ու իշխանության անլուրջ պատկերացումները գյուղմթերումների մասին

Գյուղմթերք արտահանող Հայաստանի ամենամեծ ընկերության՝ «Սպայկայի» շուրջ ծավալված աղմկալի իրադարձությունները հետաքրքիր առաջադրանք են դարձել իշխանության համար:

Մի կողմից՝ իշխանությունը պետք է ցույց տա, որ իրավաչափ է կալանավորումից առաջ չհիմնավորել Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից ներկայացված չվճարված հարկի պարտքը, այդ թվում՝ կալանավորման սանկցիան, երբ գործարարը հրապարակային պատրաստակամություն է հայտնել հիմնավորելու պարագայում մինչև վերջ վճարել 7 մլրդ դրամ՝ իշխանությունների կողմից հայտարարված թիվը, մյուս կողմից՝ խնդիր ունի հանդարտեցնելու այն հազարավոր քաղաքացիների զայրույթի և հիասթափության էմոցիաները, որոնք արդեն իսկ վարկերով այգիներ են հիմնել, հեկտարներից ստացած բերքը տարիներ շարունակ արտահանում են հենց այս գործընկերոջ միջոցով:

Իսկ այն տասնյակ-հազարավոր ֆերմերների համար, որոնց պիտի ցույց տա, թե ազգաբնակչությունն առանձնապես մեծ բան չի կորցրել՝ ի դեմս «Սպայկա» ընկերության, որն օրերս հայտարարեց այս տարվա մթերումները դադարեցնելու մասին, երեկվանից հետաքրքիր ինֆորմացիոն արտահոսքեր են արվում:

Նախ, շրջանառության մեջ դրվեցին միանգամից երկու անհայտ անուններ, որոնք, իբրև թե, պատրաստակամ են գյուղատնտեսության մեջ պարալիզացված վիճակը հաղթահարել իրենց ուժերով: Եվ եթե առաջինի դեպքում գոնե «պոտենցիալ արտահանող» անձի՝ «Բեստ Ֆրութ» ընկերության տնօրեն Արման Ամիրաղյանի անվան տակ մի քիչ քաղաքական, մի քիչ էլ տնտեսական գործունեության հետագիծ կար, ապա երկրորդ անձի պարագայում հայտարարությունն առավել քան անլուրջ էր, ուղղակի թեթև մի գրառում՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որի տակ միայն իշխող ուժի «Իմ քայլը» դաշինքից մի քանի պատգամավորների լայքեր ավելացան ու ոգևորված շնորհավորանքներ, ուրիշ ոչինչ:

«Արկածախնդիր» ֆեյսբուքյան այդ հայտարարության մեջ ոչ հասցե կար, ոչ ինֆորմացիա կազմակերպության կամ ներդրողի մասին: Ոմն Գրիգոր Տեր-Ղազարյան գրել էր.

«Ուշադրություն!

Հայտարարում ենք նոր ընկերության բացման մասին, որը զբաղվելու է ամբողջ Հայաստանի գյուղացիների արտադրանքը Ռուսաստանի Դաշնություն արտահանելով՝ ավելի բարձր գներով, քան երբևէ եղել է։
Մենք արդեն ունենք պայմանագրեր ավելի քան 5000 սուպերմարկետների հետ և ունենք տարածաշրջանում ամենամեծ արտադրանքը:
Ամենաուշը երկու ամսից յուրաքանչյուր գյուղացի հենց ինքը հնարավորություն կունենա մեր միջոցով իր իսկ արտադրանքը հանձնելու ռուսական շուկա։ Սառնարանային կետերն ու պահեստները արդեն պատրաստ են Կոտայքի մարզում: մեքենաների հարցն էլ շուտով կլուծվի։ Հատուկ շնորհակալություն Կոտայքի մարզպետին և Պարոն Arnak Avetisyan-ին:

Սա՝ ինֆորմացիա այն մարդկանց համար, ովքեր վախենում էին, որ Spayka-ի դադարեցումից հետո հայկական շուկան տուժելու է։ Վստահեցնում եմ, որ ոչ մի գյուղացի չի տուժելու։ Նույնիսկ փոքր արտադրություն ունեցողները, ովքեր հնարավորություն չեն ունեցել, 2 ամսից հնարավորություն կունենան մտնել Ռուսաստանի մեծ շուկա։ Մանրամասները՝ շուտով»:

Իսկ այն, ինչ փոխանցեց 168.am-ին «Բեստ Ֆրութ» ընկերության տնօրեն Արման Ամիրաղյանը, ում երեկ մամուլում և Ֆեյսբուքում «մատուցել էին»՝ իբրև «Սպայկային» հավանական փոխարինող ընկերություն և քաղաքական խաղերի մասնակից, բոլորովին այլ իրականություն էր:

Նախ՝ այն, որ 2018թ. հունիսի 20-ին հիմնած ընկերությունը, որի միջոցով ավտոյուղերի բիզնեսով զբաղվող Արման Ամիրաղյանը մտադիր է ապագայում նաև միրգ-բանջարեղենի մթերմամբ զբաղվել, դեռ նոր-նոր է զրոյից պայմաններ ստեղծում, որպեսզի իր ունեցած մի քանի բեռնատարներով գոնե եկող տարվանից կարողանա նաև միրգ արտահանել:

Պարզվեց՝ այս պահին դեռ հարմար շենքի պատերն են կառուցվում Երևանում, ապագայում Ա. Ամիրաղյանը պլանավորում է սառնարաններ ձեռք բերել, իսկ թե կհասցնի գոնե եկող տարի բերքահավաքին պատրաստ լինել, վստահ չէ։

168.am-ի հետ զրույցում նա այդ կապակցությամբ ասաց. «Մեծ փողեր են հարկավոր, ես այդ ռեսուրսները դեռ չունեմ»:

Այսօր Արման Ամիրաղյանն իր այս բիզնես-պլանի իրագործման դեռևս խիստ նախնական փուլում է:

Ինչ վերաբերում է «Սպայկային» փոխարինելու, ՌԴ-ում այդ ընկերության ստեղծած սպառման ցանցը նվաճելու հնարավորություններին, տավուշեցի գործարարն ուղղակի ծիծաղելով արձագանքեց: Նա նշեց, որ ինքն այդ ահռելի կարողությունները, բնականաբար, չունի.

«Ռուսական շուկայում դեռ բանակցություններ են պետք, և հետո ես այդ ծավալների ներդրումներ, բեռնատարներ, մթերում չեմ կարող իրականացնել, այդ ամենին նախորդող մի շարք նախադրյալներ են պետք, մենք նման գործունեություն սկսելուց առաջ դեռ պիտի ՌԴ-ում այդ շուկա ստեղծենք»:

Գործարարը զարմացած է, որ լրատվամիջոցի հետ իր լակոնիկ հարց ու պատասխանն այդքան քաղաքականացված աստառ է ստացել, իսկ այդ ամենի համար, բացառված չէ, որ հիմք է հանդիսացել 2 գործոն. այն, որ նրա ընկերությունը հինվել է հեղափոխությունից հետո, և, որ Արման Ամիրաղյանը վարչապետ Փաշինյանի հետ միևնույն մարզի ծագում ունի:

Իսկ «Սպայկայի» շուրջ իրադարձությունների ֆոնին Ֆեյսբուքում «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերության ակտիվորեն գովազդելու և վարչապետ Փաշինյանի կուսակիցների կողմից այդ գովազդը տարածելու ջանքերի միջև զուգադիպություների մասով Արման Ամիրաղյանը պարզ մեկնաբանություն ունի:

«Մեր ընկերությունը մեկ շաբաթ առաջ է սկսել գովազդներ անել, քանի որ որոշ աշխատանքներ նոր են ավարտվել, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները ՀՀ քաղաքացիներ են, իրավունք ունեն տարածել, ինչպես ուրիշները»,- ասել էր ընկերության տնօրենը:

Ի դեպ, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե առաջին անգամ է լսում արտահանման գիգանտ ծրագրեր ունեցող «Բեսթ Ֆուդ» ընկերության մասին։

Ինչ խոսք, մեծ ու դրական քայլ կլիներ, եթե Արման Ամիրաղյանը կամ որևէ մեկն իրականում ի վիճակի լիներ համապատասխան ներդրումներ անել, բարձրակարգ մասնագետներով զինվել, սառնարաններ ու բեռնատարներ ձեռք բերել, որպեսզի գյուղատնտեսական ոլորտում կայուն պայմաններ ստեղծած մեկ այլ ընկերության ունեցած խնդիրների պատճառով խաթարված շրջանը չերկարեր, ռուսական շուկայի հետ կապերում խզվածք չառաջանար, բայց, ցավոք, այդ ռեսուրսները նա չունի:

Կնշանակի՝ օդում կախված են մնալու այն 100 և ավելի համայնքների հետ «Սպայկայի» նախապես կնքած գործարքները, դրսի գործընկերներին տված երաշխիքները և այն զարգացման հեռանկարը, որով «Սպայկայի» կալանավորված տնօրենը վարչապետ Փաշինյանին իրենց կառուցած պանրի գործարան կատարած այցի ժամանակ խոստացել էր աշխատատեղեր, արտադրական և արտահանման ծավալների մեծացում:

Ի դեպ, 168.am-ին հասած տեղեկություների համաձայն՝ օրերս երկու մարզպետների հետ հանդիպում է ունեցել ռուսալեզու մի երկիտասարդ: Ենթադրվում է՝ դրսից ժամանած երիտասարդի հետ քննարկումներ են եղել՝ գյուղատնտեսական մթերքների արտահանման հնարավորությունների մասով: Թե որքանո՞վ են այս երկու հանդիպումներն առնչվում իշխանական օղակներում պլանավորված «Սպայկայի» աղմկոտ իրադարձություններին, կամ որքանով այս հանդիպումների արդյունքները կերաշխավորեն մթերումների մասով ֆերմերների սպասումները, առայժմ հայտնի չէ:

Ֆերմերների կարծիքով՝ «Սպայկա» ընկերության տնօրենի ձերբակալման, հետևապես՝ ահռելի ընկերությանը բլոկադայի ենթարկելու ժամկետներն իշխանության կողմից սխալ էին ընտրված: Առջևում բերքի սեզոնն է, իսկ մեկ-երկու ամիս առաջ դաշտում նոր խաղացող արտահանողներն առնվազն բերքի հնարավոր ծավալների մասով գույքագրում պիտի իրականացնեին, գյուղացիների հետ պայմանագրերով երաշխիքներ ստանային, և այլն:

Իսկ ի՞նչ է արել իշխանությունը «Սպայկային» բլոկադայի ենթարկելուց առաջ.

  • Կարևորե՞լ է այն կես մեկ միլիոնի հասնող գյուղացիների շահը, որոնց համար «Սպայկայից» ստացվող եկամուտը տան համար ողջ տարվա միակ աղբյուրն է համարվում
  • Արդյո՞ք հաշվարկվել են նրա կողմից սաբոտաժի գնալու ռիսկերն ու հետևանքները տնտեսության վրա:
  • Արդյո՞ք մինչ այդ ուսումնասիրվել են դաշտում եղած մյուս արտահանողների ռեսուրսները, նրանց պոտենցիալը՝ թեկուզ ընդհանուր վերցված:
  • Արդյո՞ք դիտարկվել է, օրինակ, ինչպե՞ս ենք հաջողելու պահպանել ռուսական շուկայում «Սպայկային» սպասարկող այն 15 000 կետանոց գյուղմթերքի սպառման ցանցը:
  • Արդյո՞ք «Սպայկայի» կողմից տարիներով վաստակած շուկան, գործարար միջավայրում հարաբերություններն այդքան հեշտորեն հնարավոր է նվաճել մեկ այլ արտահանողի համար
  • Արդյո՞ք տարվել են բանակցություններ ռուսական կողմի հետ, ում դեմքով և ինչ բազայի հիման վրա:
  • Ինչ երաշխիքներով են դաշտում նորահայտ արտահանողները դառնալու կայուն գործընկեր պետության և ազգաբնակչության համար:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս