«Այդ հրապարակային հրահանգը ոչ իրավական էր. պետությունը ոչ միայն չի պաշտպանում մարդկանց աշխատանքային իրավունքները, այլև ինքն է խախտում դրանք». Ավետիք Իշխանյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նորագավիթի մաքսատուն այցից հետո իրադարձություններն արագ են զարգանում։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր հաստատեց, որ ստորագրել է մաքսատան աշխատակցի՝ Հայկ Մարտիրոսյանի աշխատանքից ազատման դիմումը։ Ավելի ուշ տեղեկություն եղավ, որ Անանյանը ստորագրել է նաև մաքսատան պետի՝ Հայկ Միրզոյանի դիմումը: Ղեկավար կազմի հրաժարականներ, կարծես, այլևս չեն սպասվում: Թեև Անանյանն ընդունեց, որ տեղի ունեցածի ամենամեծ պատասխանատուն ինքն է, սակայն միաժամանակ հայտարարեց՝ հրաժարականի դիմում չի պատրաստվում տալ: Փոխարենը՝ մաքսատան մյուս աշխատակիցներն են զանգվածաբար աշխատանքից ազատվելու դիմումներ գրել։
Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս ամբողջ դեպքը հերթական անգամ ցույց է տալիս, թե Հայաստանում աշխատանքային իրավունքներն ինչ խոցելի վիճակում են, և ոչ միայն մասնավոր, այլև՝ պետական հատվածում։
«Սա շատ լուրջ խնդիր է, որովհետև մի կողմից՝ ընդհանրապես պետությունը պետք է երաշխավորը լինի աշխատանքային իրավունքների պաշտպանության համար, բայց փաստորեն և՛ մասնավոր հատվածում, և՛, ինչպես ցույց տվեց այս դեպքը, պետական հատվածում պետությունը ոչ միայն չի պաշտպանում մարդկանց աշխատանքային իրավունքները, այլև հրապարակավ ինքն է խախտում դրանք։ Փաստորեն, այդ հրապարակային հրահանգից հետո, որը, իմ համոզմամբ, ոչ իրավական հրահանգ էր, դա հլու-հնազանդ կատարվեց։ Չգիտեմ՝ այդ մարդկանց վարչապետի հրահանգից հետո են ասել դիմում գրե՞ն, թե՞ նրանք արդեն իրենց կարգավիճակից սարսափած են դիմումներ ներկայացրել։ Երկու վարկածի դեպքում էլ ակնհայտ է, որ մարդիկ, փաստորեն, հենց այնպես տեղը, առանց որևէ լուրջ հիմնավորման, կարող են ցանկացած ժամանակ միապետի կամքով կորցնել իրենց աշխատանքը։ Եվ այստեղ երկրորդ հարցն է առաջ գալիս՝ ՀՀ-ում չկա՞ երկրորդ մարմինը, որը կպաշտպանի աշխատավորների աշխատանքային իրավունքները՝ արհմիությունը։ Մենք չունենք անկախ արհմիություններ, որոնք կպաշտպանեն աշխատողների շահերը։ Տվյալ դեպքում, եթե մաքսատան և այլ պետական կառույցների աշխատողներն ունենային արհիմություն, ապա այդ արհմիությունը գործադուլ կաներ, պահանջներ կներկայացներ և այդ մարդկանց իրավունքները կպաշտպաներ»,- ասաց Ա.Իշխանյանը։
Ըստ նրա, փաստորեն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ցանկացած մարդ, որն աշխատում է մասնավոր կամ պետական հատվածում, բացարձակապես անպաշտպան է աշխատանքային իրավունքների տեսակետից և ցանկացած ժամանակ կարող է կորցնել աշխատանքը.
«Սա նշանակում է՝ մարդկանց երկյուղածություն, հավատի կորուստ ապագայի նկատմամբ, որովհետև կայուն աշխատանքը նաև ապագայի նկատմամբ վստահությունն է, և խոցելիություն։ Շատ ցավալի դեպք է և հրապարակային, հանրային ցույց է տալիս մարդկանց անպաշտպանությունն աշխատանքային իրավունքների տեսանկյունից»։
Թե ո՞րն էր Փաշինյանի այցի իրական նպատակը մաքսատուն, Ա.Իշխանյանը դժվարացավ ասել. «Դա արդեն այլ խնդիր է, կարելի է ենթադրություններ անել՝ որ ցույց տա իր՝ որպես վարչապետի ուժը բոլորի նկատմամբ, գուցե դա էր պատճառը։ Գուցե այլ պատճառներ կան, որոնց ես չեմ տիրապետում»։
Դիտարկմանը, որ Դավիթ Անանյանի պնդմամբ՝ վարչապետի հրահանգ կամ հանձնարարություն չի եղել, և այդ մարդիկ ինքնակամ են ազատման դիմումներ ներկայացրել, իրավապաշտպանը պատասխանեց, որ մի բան է, թե ինչ են ասում պաշտոնյաները, հատկապես նրանք, որոնք ենթակա են վարչապետին, մի այլ բան է, թե իրականում ստվերային ինչ է լինում, որը հանրությանը հայտնի չէ.
«Հավանական է, որ հենց վարչապետի այցից հետո հենց ինքը հանձնարարած լինի նրանց դիմումները գրելու, կատարելու վարչապետի հրահանգը։ Կարող է այնպես էլ լինել, որ այդ մարդիկ իսկապես ինքնուրույն դիմում գրած լինեն՝ մտածելով, որ այդ հրահանգից հետո, միևնույն է՝ չեն կարող լիարժեք աշխատել, մյուս կողմից՝ վիրավորվածության արդյունքում։ Դժվարանում եմ պատասխանել»։
Ա.Իշխանյանը մաքսատան աշխատակիցներին, որոնք դիմումներ են գրել, խորհուրդ տվեց հետագայի համար չերկյուղել և չվախենալ, իսկ բոլոր տիպի՝ պետական և մասնավոր հատվածի աշխատողներին՝ ստեղծել անկախ ինքնուրույն արհմիություններ, որ պաշտպանեն իրենց աշխատանքային իրավունքները։
Իշխանությանը իրավապաշտպանը հիշեցրեց, որ իշխանության պարտավորությունն է պաշտպանել մարդկանց իրավունքները, այդ թվում՝ աշխատանքային. «Սա պետության պարտավորությունն է»։