Փաշինյանը պատասխանել է Դավիթ Տոնոյանի հայտարարության մասին ադրբեջանցի լրագրողի հարցին
Փաշինյան-Յագլանդ ճեպազրույցում առաջին հարցը ադրբեջանցի լրագրողը հնչեցրեց, Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» հայտարարության վերաբերյալ: Ադրբեջանցի լրագրողն ասաց՝ դա հակասում է վարչապետ Փաշինյանի հայտարարություններին:
Փաշինյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե հակասություն կա, իրավիճակի մեկնաբանության հարց է: Մեր միակ նպատակն է` դադարեցնել ուժի կիրառման սպառնալիքները, սպառնալիքներով խոսքը՝ Հայաստանի ու Ադրբեջանի, ԼՂ և Ադրբեջանի միջև: Մեր նպատակն է՝ մեր հասարակություններին նախապատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի: Մենք հույս ունենք, որ մեր գործընկերներն Ադրբեջանում կհասցեագրեն մեր այս կոչը, և երբ դա անեն, մենք կունենանք լրիվ տարբեր իրավիճակ»:
Եվրախորհրդի ներկաայացուցիչների` գորշ գոտիներ այցելելու դիտարկմանը Եխ գլխավոր քարտուղարը պատասխանեց, թե մոնիտորինգի համար հանձնաժողովի ներկայացուցիչներն էլ, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն էլ պետք է հնարավորություն ունենան այցելելու գորշ գոտիներ, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է:
Հայաստանի նոր կառավարությունից սպասելիքների մասին խոսելով՝ Յագլանդն անդրադարձավ տարբեր ոլորտներում Հայաստանի նոր կառավարության օրակարգում ներառված բարեփոխումներին:
Փաշինյանն արձագանքեց. «Ավելացնելու բան չունեմ»:
Յագլանդն էլ այստեղ կատակեց` «Փաստորեն ես խոսեցի՝ որպես Հայաստանի կառավարության խոսնակ»:
Մինչ հարցերին պատասխանելը Թյորբորն Յագլանդն ասաց՝ Հայաստանը եվրոպական երկիր է՝ արմատներով եվրոպական պատմության ու արժեքների մեջ: ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծեց, թե Հայաստանն անցել է ժողովրդավարական անցման ճանապարհը, և ողջունելի է բաերփոխումների ընթացքը: Ավելացրեց՝ հաստատվել է «Եվրոպայի խորհուրդ-Հայաստան 2019-2022թթ.» գործողությունների ծրագիրը:
Նիկոլ Փաշինյանն ասաց` հեղափոխության ուղին Հայաստանի` եվրոպական երկիր լինելու ապացույցներից էր, և կարևոր էր, որ Հայաստանի ժողովրդավարական հեղափոխությունն ամբողջովին տեղական գաղափար ու քաղաքական գործընթաց էր, ոչ մի արտաքին ուժ ներգրավված չի եղել մեր քաղաքական գործընթացներում:
Փաշինյանը հաստատեց` ճիշտ է, որ ժողովրդավարությունն ամբողջապես գալիս է մեր ժողովրդի ցանկություններից: Նա հույս հայտնեց, որ Եվրոպայի խորհուրդն իր փորձագիտական կարողություններով կշարունակի աջակցությունը Հայաստանում բարեփոխումների ընթացքին:
Ճեպազրույցի ավարտին Փաշինյանը Յագլանդին հանձնեց Հայաստանում Եվրոպայի հրապարակի անվանակոչման որոշման փաստաթուղթը:
Սիրանույշ Մուրադյան
Ստրասբուրգ-Երևան