Մինչև 7 տարեկան երեխաների տեղափոխման համար պարտադիր կլինի «քարսիթի» օգտագործումը, իսկ 7-12 տարեկանների համար՝ ամրագոտին
Այսօր կառավարության նիստում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումները փոփոխելու մասին կառավարության որոշման նախագիծը:
Ըստ նրա՝ այսուհետ կթույլատրվի հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից 15 մետրից մոտ կանգառը, այսինքն՝ կարգելվի միայն մինչև հետիոտնային անցում՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքում կանգառ կատարելը, շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում երթևեկության առավելությունը կտրվի խաչմերուկում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին, մինչև 7 և 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար, տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված, կսահմանվեն առանձին պահանջներ, ճանապարհային աշխատանքների կատարման վայրում, ինչպես նաև այլ դեպքերում օգտագործվող ժամանակավոր ճանապարհային նշանների համար կսահմանվեն առանձին պահանջներ, մասնավորապես՝ դրանց վրա սպիտակ հիմնագույնի փոխարեն կկիրառվի դեղին հիմնագույնը, խաչմերուկի տարածքը ցույց տալու համար կսահմանվի առանձին գծանշում, կհանվի հաշվառման համարանիշերի թվերը և տառերը թափքի հետնապատին կրկնելու պահանջը և փոխարենը կսահմանվի, որ հաշվառման համարանիշերը կամ դրանց տեղակայման ձևը չեն համապատասխանում օրենսդրության կամ ստանդարտների պահանջներին:
Բացի այդ, կսահմանվեն հեծանվորդների, ինչպես նաև հիբրիդային ավտոմոբիլների երթևեկության կարգավորման նոր կանոններ և ճանապարհային նշաններ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարևորեց ավտոմոբիլներով երեխաների տեղափոխման կարգի փոփոխությունը՝ նշելով, որ երեխաների տրավմատիզմը կարևոր խնդիր է, և այս փոփոխությունը փորձելու է լուծել այն ու նվազեցնել դեպքերը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հստակեցրեց, որ մինչև 7 տարեկան երեխաների տեղափոխման համար պարտադիր կլինի «քարսիթի» օգտագործումը, իսկ 7-12 տարեկանների համար՝ ամրագոտին: