«Այս բանաձևն ընդունելով՝ անդամ կազմակերպությունները վերահաստատեցին Ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի միջազգային համագործակության իրենց հանձնառությունը»

Ապրիլի 10-ին Բրյուսելում կայացավ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI) գործադիր կոմիտեի հանդիպումը: Հավաքի օրակարգում էր նաև Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից առաջադրված Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:

Փաստաթուղթը Բրուսելում ներկայացնում էր ՀՀԿ փոխնախագահ, բանաձևի հեղինակ Արմեն Աշոտյանը:

Քննարկումների արդյունքում հանդիպման պատվիրակներն ընդունեցին Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:

Արմեն Աշոտյանը կարևորեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան ընդառաջ այդ բանաձևի ընդունումը՝ նշելով, որ մարդկության դեմ գործած ոճիրները չունեն վաղեմության ժամկետ և Հայոց Ցեղասպանությունը ճանաչելը քաղաքակրթական պատկանելության հարց է:

«Ուրախ եմ, որ CDI-ի քաղաքական ընտանիքում քաղաքակրթական պատկանելության հարցը հստակ է դրված, և այս բանաձևն ընդունելով անդամ կազմակերպությունները վերահաստատեցին Ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի միջազգային համագործակության իրենց հանձնառությունը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) միջազգային կազմակերպություն է, որը միավորում է շուրջ 100 քաղաքական կուսակցությունների աշխարհի 74 երկրներից:

ԲԱՆԱՁԵՎ

Ճանաչելով և դատապարտելով Հայոց ցեղասպանությունը
Ներկայացված է Հայաստանի Հանրապետական Կուսակցության (ՀՀԿ) կողմից

  • Վկայակոչելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որով մարդկային ընտանիքի բոլոր անդամների անկապտելի արժանապատվության և հավասար ու անքակտելի իրավունքների ճանաչումը ազատության, արդարության և խաղաղության հիմքն է աշխարհում;
  • Ղեկավարվելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1946 թ. դեկտեմբերի 11-ի 96 (1) բանաձևի համապատասխան սկզբունքներով և դրույթներով, 1948 թ. դեկտեմբերի 9-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով, 1968 թ. նոյեմբերի 26-ի պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին Միավորված ազգերի կոնվենցիայով, 1966 թ. դեկտեմբերի 16-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ մյուս բոլոր միջազգային փաստաթղթերով;
  • Հաշվի առնելով, որ Ցեղասպանության հանցագործության կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի ընդունման ժամանակ Միավորված ազգերի կազմակերպությունը հատուկ ընդգծել է այդ հանցագործության դեմ պայքարի միջազգային համագործակցության կարևորությունը;
  • Հաշվի առնելով Օսմանյան կայսրության ռազմական դատարանների 1919-1921 թթ. դատավճիռները `«օրենքի և մարդկության դեմ» այդ ծանր հանցագործության մասին` որպես փաստի իրավական գնահատական;
  • Գնահատելով 1915 թ. մայիսի 24-ի դաշնակից պետությունների համատեղ հայտարարությունը`պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովրդի դեմ կատարված ամենասարսափելի հանցագործությունը որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցանք» սահմանելով և ընդգծելով Օսմանյան իշխանություններին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի դերն ու նշանակությունը և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի արբիտրաժային որոշումը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում;
  • Վկայակոչելով Հայոց ցեղասպանության և եվրոպական արժեքների մասին ԵԺԿ-ի 2015 թ. մարտի 3-ի բանաձևը;
  • Վերահաստատելով մարդու իրավունքների սկզբունքները;
  • Հարգանքի տուրք մատուցելով բոլոր ցեղասպանությունների և մարդկության դեմ կատարված հանցագործությունների անմեղ զոհերի իշատակին;
  • Ընդգծելով, որ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժամանակին կանխարգելոմը և արդյունավետ պատժամիջոցները պետք է լինեն միջազգային հանրության հիմնական առաջնահերթությունների շարքում

Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը հայտարարում է հետևյալը.

  • Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի դեմ Օսմանյան Կայսրության և Թուրքիայի տարբեր ռեժիմների կողմից հայ բնակչության նկատմամբ 1894-1923թթ. ծրագրված և շարունակաբար իրականացված ցեղասպանային գործողությունները, հայրենազրկումը, կոտորածներն ու էթնիկ զտումները, որոնք միտված էին հայ բնակչության բնաջնջմանը, հայկական ժառանգության ոչնչացմանը, ինչպես նաև` Ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործությունները և դրանց հետևանքները մոռացության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես այդ հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ գործելու քաջալերանք;
  • Մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության բոլոր անմեղ զոհերի հիշատակը և բոլոր նահատակների ու փրկված հերոսների, ովքեր պայքարել են իրենց կյանքի և մարդկային արժանապատվության համար: Ավելին, մենք ընդունում ենք, որ Ցեղասպանությունը հանգեցրել է ոչ միայն հայերի ոչնչացման և ունեզրկման, այլև տարածվել է Պոնտոսի հույն և ասորի ժողովուրդների վրա, ում հիշատակը մենք նույնպես ոգեկոչում ենք;
  • Մենք միանում և վճռականորեն աջակցում ենք հայ ժողովրդի հանձնառությանը` շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման գործում;
  • Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը լիովին հարգել և կատարել իր ստանձնած իրավական պարտավորությունները, այդ թվում` այն դրույթների, որոնք վերաբերում են մշակութային ժառանգության պահպանմանը, մասնավորապես, բարեխղճորեն անցկացնել միասնական գույքագրում հայկական և այլ մշակութային ժառանգություննների, որոնք ոչնչացվել կամ ավերվել են անցյալ դարում;
  • Մենք դիմում ենք միջազգային կազմակերպություններին և բոլոր բարի կամքի բոլոր մարդկանց, անկախ նրանց էթնիկ ծագման և կրոնական պատկանելությունից, միավորել իրենց ջանքերը պատմական արդարության վերականգնման և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով;
  • Մենք աջակցում ենք թուրքական քաղաքացիական հասարակության այն հատվածներին, ովքեր այսօր համարձակվում են խոսել իշխանությունների պաշտոնական դիրքորոշման դեմ: Մենք հույս ենք հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման համար ելակետ կծառայի:

Հետևապես, մենք հրավիրում ենք Թուրքիայի կառավարությանը`իր միջազգային պարտավորություններին համապատասխան, ձեռնարկել հետևյալ միջոցները.

  • Ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանությունը և առերեսվել իր պատմության ու հիշողության հետ՝ ոգեկոչելով մարդկության դեմ այդ ահավոր հանցագործության զոհերին;
  • Ապահովել տեսլական և իրականացնել իրապես ժողովրդավար Թուրքիային հարիր գործողությունների ծրագիր, ներառյալ խոսքի ազատությանն առնչվող խնդիրների, պետության, հասարակության շրջանում և կրթական հաստատություններում Ցեղասպանությանը վերաբերող հարցերի համապարփակ լուծում, ինչպես նաև կրոնական և այլ մշակութային օբյեկտների վերանորոգում և դրանց վերադարձը հայկական և այլ համապատասխան համայնքներին;
  • Սկիզբ դնել հայկական ազգային ժառանգության երկար սպասված տոնին`հիմնված հայ-թուրքական հարաբերությունների լիովին կարգավորման վրա՝ խարսխված պատմության հանձնառնությամբ, բոլոր չլուծված հարցերի խաղաղ կարգավորմամբ:

Տեսանյութեր

Լրահոս