Բաժիններ՝

ԱԱԾ իրավաբաններն ուսումնասիրում են Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ գործով դատարանի որոշումը

Ազգային անվտանգության ծառայության իրավաբաններն ուսումնասիրում են դատարանի որոշումն, ըստ որի ԱԱԾ-ն խախտել է անմեղության կանխավարկածը Սեդրակ Քոչարյանի նկատմամբ: Այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Եղել է դատարանի որոշում, համաձայն որի՝ խախտվել է անմեղության կանխավարկածը։ Այս հարցը կուսումնասիրեն իրավաբանները, և ժամկետի մեջ, եթե չի լինի Վերաքննիչ դատարան դիմելու որոշում, ուրեմն, իհարկե, օրենքով նախատեսված բոլոր պահանջները կկատարվեն»,- ասաց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը նշեց, որ քանի դեռ չեն բողոքարկել դատարանի որոշումը, պետք է ընդունեն և ենթարկվեն դրան:

2019 թվականի փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել՝ «Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն» վերտառությամբ, որում նշվում էր, թե բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:

Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խմբի դիտարկմամբ` նշված հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը: Պաշտպանները բողոք էին ներկայացրել դատարան:

Ապրիլի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը և արձանագրել, որ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս