Amnesty International-ը աշխարհում մահապատիժների թվի է ական նվազում է արձանագրել
Աշխարհում մահապատիժների թվաքանակը 2018 թվականին կրճատվել է 31 տոկոսով՝ ամենացածր ցուցանիշն արձանագրելով առնվազն վերջին տասնամյակի ընթացքում: Այդ մասին ասված է Amnesty International ոչ կառավարական կազմակերպության զեկույցում, որը հրապարակվել է ապրիլի 10-ին:
Ընդհանուր առմամբ, ինչպես ընդգծվում է տարեկան հետազոտության մեջ, աշխարհում մահապատիժների թվաքանակը 2017 թվականի 993-ից 2018 թվականին կրճատվել է մինչեւ առնվազն 690: «Ընդհանուր առմամբ 2018 թվականի տվյալները ցույց են տալիս, որ մահապատժի կիրառումը որոշակիորեն նվազում է, որ ամբողջ աշխարհում արդյունավետ քայլեր են ձեռնարկվում՝ վերջ դնելու այդ դաժան ու անմարդկային պատժին»,-ասված է զեկույցում:
Ինչպես այդ կապակցությամբ նշել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Կումի Նայդուն, «աշխարհում մահապատիժների ընդհանուր թվի կտրուկ կրճատումն ապացուցում է, որ նույնիսկ այն երկրները, որոնցից դա ամենից քիչն էր սպասելի, սկսում են փոխել իրենց մոտեցումները եւ հասկանալ, որ մահապատիժը խնդրի լուծում չէ»:
Մասնավորապես, ինչպես նշվում է զեկույցում, թմրանյութերի դեմ պայքարի մասին օրենքում փոփոխություններ կատարելուց հետո մահապատիժների թիվն Իրանում, որտեղ մահապատիժը հաճախ է կիրառվում, նվազել է 50 տոկոսով: Մահավճիռների թվի զգալի նվազում է դիտվել նաեւ Իրաքում, Պակիստանում եւ Սոմալիում:
Միեւնույն ժամանակ իրավապաշտպանները մահապատիժների թվաքանակի աճ են նշել այնպիսի եերկրներում, ինչպիսիք են Բելառուսը (առնվազն 4), Սինգապուրը (13), ԱՄՆ-ը (25) եւ Հարավային Սուդանը (առնվազն 7), իսկ Ճապոնիայում մահապատիժների ամենամեծ թվաքանակն (15) է գրանցվել երկար տարիներ ի վեր: Բացի այդ, Թաիլանդը մահապատիժ է ի կատար ածել 2009 թվականից ի վեր առաջին անգամ:
«Ես կոչ եմ անում բոլոր երկրներին, որոնք մինչ այժմ մահապատիժ են կիրառում, գործել վճռականորեն եւ անհապաղ դադարեցնել այդ նողկալի պատժի կիրառումը»,-այդ կապակցությամբ նշել է Նայդուն:
Ինչպես նշվում է հետազոտության մեջ, Չինաստանը մնում է այն երկիրը, որտեղ ամենից շատ մարդիկ են մահապատժի ենթարկվում: Դրա հետ մեկտեղ ոչ կառավարական կազմակերպություններն ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ Չինաստանում մահապատժի կիրառման իսկական մասշտաբը հայտնի չէ, քանի որ դրա վերաբերյալ տվյալները պետական գաղտնիք են: Amnesty International-ի գնահատումների համաձայն, ՉԺՀ-ի տարածքում «տարեկան մահավճիռներ են կայացվում հազարավոր մարդկանց նկատմամբ եւ հազարավոր մարդկանց մահապատժի են ենթարկում»:
Չինաստանից հետո այն երկրների ցուցակում, որտեղ 2018 թվականին առավել մեծ թվով մահապատիժներ են ի կատար ածվել, Իրանն է (առնվազն 253), Սաուդյան Արաբիան (149), Վիետնամը (առնվազն 85) եւ Իրաքը (առնվազն 52):
Amnesty International-ը նաեւ անհանգստություն է հայտնել 2018 թվականին մի քանի երկրներում մահավճիռների թվի կտրուկ աճի կապակցությամբ: Այսպես, Իրաքում դրանց թիվն աճել է չորս անգամ՝ 2017 թվականի 65-ից մինչեւ 217՝ 2018 թվականին: Եգիպտոսում կայացածված մահավճիռների թիվն աճել է ավելի քան 75 տոկոսով՝ 2017 թվականի 402-ից մինչեւ 717՝ 2018 թվականին:
Ինչ վերաբերում է ԿԺԴՀ-ին, ապա Amnesty International-ը հայտարարել է, որ «մարդկանց շարունակում են մահապատժի ենթարկել», սակայն այդ տեղեկատվությունը հնարավոր չէ հաստատել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: