Տեղեկատվական դաշտում առկա լարվածությունը շատ արագ կարող է տեղափոխվել սահմանագիծ. Ահազանգում է Տիգրան Աբրահամյանը
Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին 10 օրերի ընթացքում Ադրբեջանից հնչող հայտարարություններն սկսել են առավել սուր բնույթ կրել: Ռազմական գործողությունների մասին ակնարկային հայտարարությունները վերաճել են գործողություններ սկսելու կամ դրա նախապատրաստական փուլի մասին սպառնալիքների:
Պաշտոնական հայտարարություններ նախագահական ապարատից, արտգործնախարարությունից, պաշտպանական գերատեսչությունից, հին ու նոր թրծված «փորձագիտական» շրջանակներից, ամենակարևորը՝ հնարավոր պատերազմի վերսկսման մասին վերնագրերով:
«Առաջիկա շաբաթներին Ղարաբաղում նոր պատերազմ է սկսելու», «Ղարաբաղում հնարավոր է նոր պատերազմ», «Առաջիկա ժամանակներում Ղարաբաղում հնարավոր է նոր պատերազմ». սա վերնագրերի այն ոչ ամբողջական ցանկն է, որոնց վերջին օրերին կարելի է հանդիպել ադրբեջանական մամուլում:
Ադրբեջանում ռազմական գործողությունների կամ դրա սպառնալիքով ճնշումների տեղեկատվական նախապատրաստության փուլ է:
Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին միջնորդ երկրների հայտարարություններն Ադբեջանում, կարծես թե, այդքան էլ լուրջ չեն ընդունել, ճիշտ հակառակ գործընթացի են անցել:
Համանախագահ երկրներն իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլեր պետք է ձեռնարկեն, հակառակ դեպքում տեղեկատվական դաշտում առկա լարվածությունը շատ արագ կտեղափոխվի սահմանագիծ»:
Վերջին 10 օրերի ընթացքում Ադրբեջանից հնչող հայտարարություններն սկսել են առավել սուր բնույթ կրել: Ռազմական…
Gepostet von Tigran Abrahamyan am Dienstag, 9. April 2019