Ծանրորդ Արմեն Գրիգորյանը 9-րդն է Եվրոպայի առաջնությունում
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմը մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:
Վրացական Բաթում քաղաքում ընթացող առաջնության 73 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը նախ պոկեց 140 կգ, այնուհետ հրեց 170 կգ: Երկամարտի 310 կգ արդյունքով Գրիգորյանը գրավեց միայն 9-րդ տեղը: Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ Բուլղարիայի ներկայացուցիչը:
Ապրիլի 10-ին մեդալների համար կպայքարեն 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը և Ռաֆիկ Հարությունյանը (Երևանի ժամանակով՝ 20:30):
Ապրիլի 11-ին 89 կգ քաշում ուժերը կչափեն Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը (Երևանի ժամանակով՝ 18:00-ին):
Ապրիլի 12-ին կանանց թիմից մրցասպարեզ դուրս կգա 87 կգ քաշայինն Տաթև Հակոբյանը (մեկնարկը Երևանի ժամանակով 18:00-ին):
Իսկ ապրիլի 13-ին՝ մրցումային վերջին օրը մեդալների համար կպայքարեն ծանր քաշայինները: Արփինե Դալալյանը կմրցի +87 կգ քաշում (Երևանի ժամանակով՝ 15:00-ին), 102 կգ քաշում Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը (Երևանի ժամանակով՝ 9:00-ին), 109 կգ Սիմոն Մարտիրոսյանը (Երևանի ժամանակով՝ 12:00-ին) և գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը (Երևանի ժամանակով՝ 18:00-ին):
Լուսանկարը՝ MediamaxSport