
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան է վերընտրվել Ալեքսան Բաղդասարյանը

Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի գիտական խորհրդի ապրիլի 9-ի նիստում ֆակուլտետի դեկան է վերընտրվել Ալեքսան Բաղդասարյանը: Այս մասին տեղեկացրին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ «քվեարկությանը մասնակցած 26 հոգին փակ, գաղտնի քվեարկության արդյունքում միաձայն կողմ ձայներով դեկանի պաշտոնում ընտրեցին Ալեքսան Բաղդասարյանին»:
Հաղորդագրության մեջ նշված է. «Ալեքսան Բաղդասարյանը ողջունեց գործընկերներին և ներկայացրեց ֆակուլտետի կառավարման և զարգացման իր հայեցակարգը: Շնորհակալություն հայտնելով ամբիոններին իրեն վստահելու և առաջադրելու համար՝ Ալեքսան Բաղդասարյանը նշեց, որ գործընկերների հետ քննարկումների ժամանակ եկել են այն եզրակացության, որ բարեփոխումներն անհրաժեշտ է կատարել տարբեր մեթոդների զուգորդմամբ: Ըստ նրա՝ տպավորությունն այնպիսին է, որ Բոլոնյան համակարգին անցնելուց հետո կրթության բոլոր ձևերը հարմարեցվել են այդ համակարգին, այնինչ՝ մասնագիտությունները տարբեր են, և պետք է յուրաքանչյուրի համար մշակել մոտեցումներ ու չափորոշիչներ, միևնույն ստանդարտացված համակարգը չի կարող լավ աշխատել բոլորի դեպքում:
«Մենք պետք է ունենանք բազմադեմ կրթական համակարգեր»,- ասաց Ալեքսան Բաղդասարյանը՝ անդրադառնալով ընթացիկ խնդիրներին»: