Գործարար Դավիթ Երեմյանը ՝ «Սպայկա» ընկերությանն առնչվող աղմկոտ դեպքերի մասին
Գործարար Դավիթ Երեմյանը, ով հանդիսանում է «Երեմյան պրոջեքթ» ընկերության հիմնադիր տնօրենը և իր «Երևան պանդոկ» ռեստորանային ցանցի, «Շերեփի» ու «Լավաշ» ռեստորանների գործունեությամբ է զբաղվում, 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Սպայկա» ընկերության շուրջ ծավալվող իրադարձություններին և հետևյալ կարծիքն է հայտնել.
«Ինֆորմացված չեմ և շատ քիչ եմ հետևում լրահոսին, որպեսզի իմ մեկնաբանության մեջ նաև գնահատականներ տամ, բայց բնական է, որ որպես գործարար՝ «Սպայկա» ընկերության շուրջ ստեղծված պատմությունը ինձ համար հաճելի չէ: Ես այս ամենը կողքից՝ որպես գործարար եմ դիտարկում… գործարարի նկատմամբ այնպիսի գործողություններ է իրականացվում (կալանավորումը նկատի ունի,- Ս.Բ.) ես նայում էի եթերով ու ինձ դրանից, բնականաբար, լավ չեմ զգացել: Օրենքի առջև, այո, հավասար ենք բոլորս և պարտավոր ենք մեր պարտականությունները պատշաճ կատարել, բայց պետք է նկատի ունենալ՝ գործարարները այն մարդիկ են, այն ռեսուրսն է, որ զարգացնում է մեր երկիրը, տնտեսությունը առաջ է մղում, և այս հանգամանքը պետք է հաշվի առնել, ինձ թվում է՝ ինչ-որ դեպքերում նաև աջակցել էր պետք գործարարին»:
Դավիթ Երեմյանն այն կարծիքին է, որ բոլոր դեպքերում կառուցողական դաշտում կարելի է նաև իրավիճակը շտկել.
«Իրավական մասով, թե ինչ կա դրա տակ, ինչ խնդիրներ են առաջ եկել, ով ինչում է թերացել, ես չգիտեմ, ծանոթ չեմ գործի նյութերին, ուստի զերծ կմնամ մեկնաբանություններից, բայց իրավիճակից ելքերը տարբեր են, ինձ համար հայտնի չէ, ինչո՞ւ է այս ճանապարհը ընտրվել»:
Սյուզի Բադոյան