Բաժիններ՝

Բանակում պետք է լինի ոչ թե՝ «ախպերություն», այլ՝ եղբայրություն. Անդրանիկ Քոչարյան

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Էդուարդ Բաբայանի, Գևորգ Պետրոսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Վ.Էնֆիաջյանը ներկայացրեց, որ իրենք առաջարկում են բացառել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու 1 տարին չլրացած զինծառայողների ներգրավումը մարտական հերթապահության մեջ։ Ըստ նրա՝ մարտական հերթապահության մեջ պետք է ընդգրկվեն մարտական անհրաժեշտ պատրաստվածություն ունեցող զինծառայողները, ինչը կնպաստի մարտական հերթապահության ժամանակ մարդկային կորուստների նվազեցմանը և սահմանի պահպանման հուսալիության բարձրացմանը։

Էնֆիաջյանը նշեց, որ վերջին 2 տարում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 30 զոհ ենք ունեցել, սպանության՝ 8 դեպք, դժբախտ պատահար՝ 30, անվտանգության կանոնների խախտում՝ 5, ինքնասպանություն՝ 18, առողջական խնդիրներ՝ 8, անգործություն՝ 6, անհայտ՝ 6 դեպք: Էնֆիաջյանը նշեց, որ մտահոգիչ են ինքնասպանությունները, որովհետև երբևէ այս քայլին չի գնում 1-1.5 տարի ծառայածը: Պատգամավորի խոսքով՝ իրենք ուսումնասիրել և փոխառել են Իսրայելի փորձը, որը մարտական ծառայություն է իրականացնում, և շփման գիծը լարված է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ճիշտ չհամարեց Իսրայելի փորձը փոխառելը՝ նշելով, որ Հայաստանի և Իսրայելի բանակներն անհամեմատելի են: Նա հարցադրում արեց, թե ի՞նչ գիտելիք պետք է ստանա զինծառայողն առաջին 7 ամիսներին, որից հետո կարելի կլինի մարտական ծառայության անցնել:

Էնֆիաջյանի խոսքով՝ կավելանա նրանց փորձառությունը, որպեսզի կանխարգելվեն անցանկալի հետևանքները: Նա նշեց, որ ռեսուրսները բավարար են այս փոփոխության համար:

«Բոլոր երկրների փորձը պետք է ուսումնասիրենք, առավել ևս, մենք խնդիր ունենք ռեզերվի ապահովման, այնպես որ, կարող է նաև Շվեյցարիայի փորձն ուսումնասիրենք»,- նկատեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ իր մտահոգությունը հայտնելով ինքնասպանությունների դեպքերի կապակցությամբ:

Ըստ նրա՝ դժբախտ դեպքերը կարելի է հասկանալ, կոռուպցիոն երևույթները՝ արմատախիլ անել, բայց ինքնասպանությունները՝ ոչ: Քոչարյանի խոսքով՝ բանակում պետք է լինի ոչ թե՝ «ախպերություն», այլ՝ եղբայրություն, որովհետև հենց այդ եղբայրությունն է հաղթել ու հաղթելու ռազմի դաշտում:

Հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը կոչ արեց դեմ  քվեարկել նախագծին՝ նշելով, որ կարգավորումն արդեն տեղ ունի գործող օրենքում, նաև ծառայության 7 ամիսը չլրացած զինծառայողը կարող է ցանկություն ունենալ մարտական հերթապահություն իրականացնելու, սակայն այս օրենքի նախագծով սահմանափակված կլինի:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ ԲՀԿ-ական պատգամավորների մտահոգությունն անտեղի է՝ բավարար գիտելիքներ չունեցող զինծառայողը չի ընդգրկվում մարտական հերթապահության մեջ:

«Ընդհանրապես չեմ կիսում ձեր այն տպավորությունը, որ անփորձ են այն զինվորները, որ ընդգրկվում են մարտական հերթապահության մեջ»,- ասաց փոխնախարարը:

Գ.Բալայանը նշեց, որ 2014-2019թթ. մարտի 1-ի դրությամբ եղել է մինչև մեկ տարի ծառայող 27 հոգի զոհ ժամկետային զինծառայողների շրջանում, մեկ տարուց հետո եղել է 143 զոհ, որոնցից 32-ը՝ ապրիյան գործողությունների ժամանակ. «Այսինքն՝ մեկ տարուց հետո դեպքերն ավելի շատ են, քան մինչև մեկ տարին»:

Գ.Գորգիսյանը կոչ արեց վստահել 18 տարեկան զինծառայողներին և նրանց չվերաբերվել՝ որպես երեխաների. «Խոսում ենք էն տոնով, կարծես հիմա պետք է խոսենք նրանց տակը փոխելու մասին: 18 տարեկանները հասուն մարդիկ են և այնտեղ են՝ կատարելու հստակ խնդիր՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունը»:

Հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ-ականների նախագծին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս