Նապոլեոնի գահը 500 հազար եվրոյով վաճառել են Ֆրանսիայում կայացած աճուրդում
Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի (1769-1821) գահը 500 հազար եվրոյով վաճառել են ֆրանսիացի միապետների Ֆոնտենբլո նստավայրում կայացած աճուրդում: Այս մասին իր Twitter-ում հայտնել է Osenat աճուրդային տունը, որն զբաղվել է աճուրդով:
«Կայսեր գահը վաճառվել է 500 հազար եվրոյով, ներառյալ տուրքերը»,- ասված է հաղորդագրության մեջ, որում նաեւ ընդգծված է, որ այդ լոտը հիմնականն է եղել աճուրդում: Հազվագյուտ իրի նոր տիրոջ անունը չի նշվում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փորագրազարդ, ոսկեզօծված բազկաթոռը գնահատվել է սոսկ 80 հազար եվրո, ոչ վերջին հերթին դա կապված էր դրա պատկանելության շուրջը վեճերի հետ: Երկար ժամանակ համարվում էր, թե գոյություն ունի Նապոլեոնի ընդամենը հինգ գահ: Դրանցից մեկը գտնվել է Փարիզի Թյուիլրիի պալատում, մյուսը՝ Սեն Կլու դղյակում, երրորդը՝ Սենատում, որտեղ այն մինչ օրս մնացել է, չորրորդն Օրենսդիր կորպուսում (այժմ՝ Ազգային ասամբլեա), հիգերորդը՝ Փարիզի քաղաքապետարանում:
Սակայն Osenat-ում հավաստիացրել են, որ «փորձագետները վեց ամիս ուսումնասիրել են այդ լոտը», եւ դրա իսկությունը կասկածներ չի հարուցում, լոտի պատմությունը փաստաթղթերով հիմնավորված է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: