
Թայվանում ավելի քան 10 հազար մարդ են տարհանել քիմիական գործարան պայթյունից հետո

Թայվանի արեւմուտքի Յունլինի շրջանի հինգ բնակավայրերից ավելի քան 10 հազար մարդ են տարհանել Մայլյաո քաղաքի արդյունաբերական գոտում գտնվող քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից հետո: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
Պայթյունը ապրիլի 7-ին, տեղական ժամանակով ժամը մոտավորապես 14:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին) տեղի է ունեցել քիմիական գործարանում, որը պատկանում է Formosa Chemical and Fiber Corp. ընկերությանը: Նախնական հետաքննության համաձայն, պայթյունի պատճառը դարձել է գազի արտահոսը: Զոհվածների կամ տուժածների վերաբերյալ հաղորդումներ ներկա պահի դրությամբ չեն ստացվել, այդուհանդերձ, պայթյունը, իշխանությունների տվյալների համաձայն, բավականին ուժեղ է եղել, որպեսզի այն զգային մի քանի կիլոմետր շառավղով գտնվող բնակավայրերում:
Տեղի իշխանությունները կարգադրել են ստեղծել շրջակա միջավայրի մոնիթորինգի հատուկ խումբ, որի անդամները պետք է պարզեն, թե կան արդյոք օդի աղտոտման սպառնալիք, եւ պայթյունի հետեւանքներն ինչ վտանգ են ներկայացնում տեղի բնակչության համար:
Քիմիական գործարանը պայթյունից հետո 160 հազար դոլարով տուգանվել է շրջակա միջավայրի պահպանության հետ կապված նորմերը խախտելու համար: Նշվում է, որ տուգանքը կարող է ավելացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: