ՀՔԾ պետի դիրքորոշումը չի փոխվել` եթե Ռոբերտ Քոչարյանը մնա ազատության մեջ, կարող է խոչընդոտել քրեական գործով ճշմարտության բացահայտմանը
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի կարծիքով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել քրեական գործով ճշմարտության բացահայտմանը: Այս մասին ապրիլի 7-ին Խաչատրյանն ասաց լրագրողների հետ զրույցում:
«ՀՔԾ-ն մոտ 15 օր առաջ կրկին միջնորդությամբ դիմել էր դատարան, որպեսզի Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվեր: Հետևաբար, մեր դիրքորոշումը մնում է նույնը` գտնում ենք, որ նրա ազատության մեջ մնալը կարող է խոչընդոտել գործով ճշմարտության բացահայտմանը: Այդ որոշումը կայացվել է դատարանների կողմից, և վերադաս դատական ատյանները նույնպես միասնական եկել են այն եզրահանգման, որ մեր միջնորդությունը հիմնավոր է, և կա վտանգ, որ, ազատության մեջ մնալով, Քոչարյանը կխոչընդոտի նախաքննությանը»,- ընդգծեց Խաչատրյանը:
ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: Քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Երևանում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: