Վրաստան․ երեխաներ, որոնք դպրոց չեն գնում. jam-news.net

Այդպիսի երեխաները մոտ 10% են կազմում աշակերտների ընդհանուր թվից։ Գլխավոր պատճառն աղքատությունն է: Այս մասին գրում է jam-news.net-ը:

Վեցամյա Անանոն կրկնում է վրացական այբուբենի տառերը, որոնք մայրն է սովորեցրել։ Սեպտեմբերին նա պետք է առաջին դասարան գնար, սակայն, մոր խոսքով, ընտանիքը փող չի ունեցել։

Մոտ մեկ տարի առաջ դպրոցից դուրս է եկել 13-ամյա Աչին։ Նա հիշում է, թե որքան լավ էր սովորելն ու համադասարանցիների հետ խաղալը։ Նա երազում է վերադառնալ այնտեղ, որտեղ մաթեմատիկա, բնագիտություն և այլ առարկաներ էր անցնում, ընկերների հետ ֆուտբոլ խաղում։ Այսօր նա տնից գրեթե դուրս չի գալիս, մորն է օգնում որպես ավագ որդի։ Հասակակից հարևանների հետ չի շփվում։

Անանոն և Աչին իրենց երեք եղբայրների, քույրերի և մոր հետ ապրում են ԹԷՔԳ ավանում (Թբիլիսիի էլեկտրաքարշաշինական գործարան)՝ լքված շենքում։ Նրանք չունեն ոչ գազ, ոչ էլեկտրականություն։ Հիմնադրամներից մեկի օգնության շնորհիվ նրանք կարողացել են երկու սեյնակում ծածկ սարքել և փայտի վառարան դնել։ Դա տաքանալու միակ հնարավորությունն է, սակայն փոքրիկ տարածքը, որ նրանք զբաղեցնում են, հաճախ ծուխ է լցվում, և շնչել չի լինում։

«Ցույց տվեք ինձ մի մոր, որը չի ուզում, որ իր երեխան սովորի»,- ասում է 41-ամյա Նինո Կապանաձեն։

Նա միայնակю, իր ուժերով ձգտում  է ոտքի կանգնեցնել երեխաներին։ Պատմում է, որ մի քանի տարի բնակարան է վարձել։ Սակայն աշխատանք չկար, իսկ նպաստներից միայն 250 լարի [մոտ $90] էր ստանում բազմազավակության համար։ Վարձով բնակարանի համար փողը չէր հերիքում, և տան տերը նրանց դուրս է արել փողոց։

«Չկարողացա վճարել, իսկ նա ամեն ինչ դեն նետեց՝ կահույքը, հագուստը, երեխաների փաստաթղթերը․․․ Երբ դիմում գրեցի, որ ինձ ձևակերպեն որպես սոցիալապես անապահով, անհրաժեշտ էր փաստաթղթերը վերականգնել։ Սակայն դրա համար ոչ գումար կա, ոչ ժամանակ», – պատմում է Նինոն։

Նա ասում է, որ օգնության է դիմել Իսանիի շրջանային ադմինիստրացիա․ մեկ ամսվա վարձը տվել են, սակայն հետո ստիպված է եղել տեղափոխվել լքված շենք։

Օգնության դիմելիս նա չի թաքցրել նաև այն, որ երեխաները չեն կարողանում դպրոցում սովորել։ Նրա աղետալի վիճակի մասին իմացել են նաև դպրոցում, որը պարտավոր էր պարզել, թե ինչո՞ւ է երեխան դադարել դպրոց հաճախել, և տեղյակ պահել սոցիալական ծառայություններին։ Դպրոցից մի անգամ զանգահարել են և հետաքրքրվել, թե Աչին ինչու չի գնում դասի, Նինոն էլ ասել է, որ նա հագնելու բան չունի դպրոց գնալու համար։

Չնայած որ, ըստ Վրաստանի օրենսդրության, երեխաները բազային կրթություն ստանալու իրավունք ունեն, և այդ հարցում ցանկացած խոչընդոտ անթույլատրելի է, պետությունը տվյալ դեպքում իր պարտականությունը կատարել է միայն սոցիալական աշխատողի մեկ այցի տեսքով։ Ինչպես ասում է Նինոն, սոցաշխատողը մի քիչ զննել է ամեն ինչ, ոչնչով չի կարողացել օգնել, և դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել։

Նա ցանկանում է, որ երեխաները դպրոց վերադառնան և շարունակեն ուսումը։ Նրա խոսքով՝ երեխաներն էլ են տանջվում նրանից, որ չեն կարող սովորել։

«Շաբաթներով դատարկ թեյով ենք ապրում, լինում է, որ սոված ենք պառկում քնելու, բայց երեխաները փողոցում մուրացկանություն չեն անելու։ Ոչինչ, կդիմանան, որ դպրոց չեն գնում․․․ Եթե հնարավորություն լիներ, գոնե մի զույգ կոշիկ գնեի, փաստաթղթերը կվերականգնեի և ուրախությամբ նրանց դպրոց կվերադարձնեի»,- ասում է նա։

Ի՞նչ է անում պետությունը

Վրաստանում կրթության իրավունքը երաշխավորված է սահմանադրությամբ։ Վրաստանում տարրական և բազային կրթությունը պարտադիր է։ Հանրակրթության մասին օրենքով պետությունը պարտավոր է յուրաքանչյուր աշակերտին հնարավորություն տալ սովորել տանը մոտ գտնվող դպրոցում։ Օրենքը նաև ասում է, որ եթե այդ ամենին անհնար է հասնել ստանդարտ ֆինանսավորմամբ, ապա պետությունը պետք է այդպիսի աշակերտի լրացուցիչ վաուչերով ապահովի։

Վրաստանի կրթության նախարարությունը հստակ տվյալներ չունի, թե քանի երեխա պարտադիր կրթություն չի ստանում։ Ըստ գերատեսչության հաշվարկների՝ այդպիսի մոտ 30հազար երեխա կարող է լինել։ Իսկ լիցենզավորված դպրոցների աշակերտների թիվը 2017-2018թթ-ին Վրաստանում եղել է 305 786: Ստացվում է, որ չսովորող երեխաների թիվը կազմում է բոլոր աշակերտների ընդհանուր թվի մոտ 10%-ը։

Պետությունը պատասխան չունի, թե ինչու են երեխաները հրաժարվում կրթությունից․ սա պարզելու համար պետք է այդ երեխաներին գտնել։

Թեև, փորձից ելնելով, կարելի է ասել, որ առանց կրթության են մնում հիմնականում աղքատ ընտանիքների, անապաստան, աշխատող և սահմանափակ կարողություններով երեխաներն, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։

Պարզել, թե ինչու երեխաները դպրոց չեն հաճախում, կրթության նախարարությունը պատրաստվում է միայն այն բանից հետո, երբ կունենա հստակ վիճակագրական տվյալներ։ Գերատեսչությունում ասում են, որ երկար տարիներ այդ տվյալները հավաքելուն խանգարել է անհատական տվյալների պաշտպանության մասին օրենքը։ Այժմ ծրագիր է ստեղծվել, որը մյուս նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կօգնի գտնել առանց կրթության մնացած երեխաներին։

«Հնարավորություն կստեղծվի իմանալու, թե որտեղ է գտնվում այս կամ այն երեխան, կարող ենք ծնողներից հարցնել, թե ինչու երեխան դպրոց չի հաճախում։ Դա կպահանջի լրացուցիչ ծառայությունների ստեղծում, եթե պարզվի, որ ինչ-որ խոչընդոտներ կան, որոնք երեխային խանգարում են դպրոց գնալ։ Իրերի նման դասավորությունը համակարգին կստիպի մտածել, կարևոր ծառայություններ, ծրագրեր, նախագծեր մշակել․․․»,- ասում է Եկատերինա Դգեբուաձեն՝ կրթության նախարարության ներառական զարգացման դեպարտամենտի ղեկավարը։

Այս փուլում նախարարությունը տվյալներ ունի միայն այն երեխաների մասին, որոնք մի ժամանակ գրանցված են եղել կրթական համակարգում, այսինքն՝ նրանց մասին, ովքեր գոնե մեկ անգամ դպրոցի դասերին ներկա են եղել։ Եթե այդ երեխան սկսում է դպրոց չհաճախել, դպրոցը պարտավոր է ծնողներին դիմել կատարվածի պատճառները պարզելու համար, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև սոցիալական ծառայություն դիմել։

Օրենսդրության համաձայն՝ երեխաների իրավունքների խախտման դեպքում պատասխանատվության կարելի է կանչել ծնողներին կամ խնամակալներին։ Այս հարցը քննարկվում է անհատական կարգով սոցիալական ծառայության աշխատակցի որոշման հիման վրա։

Եկատերինա Դգեբուաձեն ասում է, որ երեխաների իրավունքների խախտման պարզումը թույլ է տալիս կատարվածի մասին տեղյակ պահել պատկան մարմիններին և պատասխանատվության կանչել ծնողներին, որոնք խախտում են կրթություն ստանալու երեխաների իրավունքները։

Շանս՝ երեխաների համար, որոնց բախտը չի բերել

«Կրթության երկրորդ հնարավորություն»․ այսպես է կոչվում պետական ծրագիրը, որը գործում է 2013 թվականից և 2015 թվականից թույլ է տալիս առանց կրթության մնացած երեխաներին դպրոց վերադառնալ։ Սկզբից նրանց սովորեցնում են կենսական անհրաժեշտ հմտություններ, տալիս անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ, որպեսզի նրանք կարողանան իրենց հասակակիցների հետ շփվել։

Այդ ծրագիրն իրականացվում է ցերեկային կենտրոններում, ամեն ինչից զատ պարունակում է նաև մշակութային և մարզական բաղադրիչ։ Այդ նույն ծրագրի շրջանակում հանդիպումներ են անցկացվում աշակերտների, նրանց ծնողների հետ, թրեյնինգներ են անցնում և ուսուցիչները, և տնօրենները։

Ծրագրի համակարգող Լելա Գապրինդաշվիլին ասում է, որ ամենաբարդը հոգեկան խնդիրներ, ասոցիալ պահվածք ունեցող և սեռական բռնության ենթարկված երեխաների ռեաբիլիտացիան ու սոցիալականացումն է։

Գապրինդաշվիլին ընդգծում է ծնողների կարևոր դերը․

«Հաճախ նրանք չեն գիտակցում, որ պատասխանատվություն են կրում իրենց երեխաների համար․․․ Առանց ծնողների կամ խնամակալների հետ առանձին հատուկ աշխատանք տանելու աջակցությունը երեխաներին միայն ժամանակավոր և էպիզոդիկ բնույթ է կրելու, իսկ իրական փոփոխությունների հասնել շատ դժվար կլինի»։

Գապրինդաշվիլիի տեղեկություններով՝ ծրագրի գոյության ողջ ընթացքում դրանից օգտվել է 350 երեխա, սակայն դժվար է ասել, թե նրանցից քանիսն են դպրոց վերադարձել։

12-ամյա Գիորգին (անունը փոխված է) շատ էր ուզում սովորել։ Ցերեկային կենտրոնի օգնությամբ նա դպրոց է վերադարձել։ Սակայն մի քանի օր անց կրկին սկսել է բաց թողնել դասերը։ Սոցիալական աշխատողին Գիորգին ասել է, որ, երբ իր համադասարանցիները դասամիջոցներին հաց են ուտում, սննդի մնացորդներն ու աղբն իր սեղանին են նետում, ծաղրում են։ Գիրոգիի՝ դպրոց գնալու ցանկությունը կորել է։

Դպրոց է վերադարձել ևս մեկ 12-ամյա տղա՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։ Սանդրոյին (անունը փոխված է) սկզբից դուր է եկել համադասարանցիների ջերմ ընդունելությունը, երբ ռեաբիլիտացիայից հետո նա ոտք է դրել դպրոց։ Սակայն այն ամոթանքից հետո, երբ ուսուցիչը տվել է նրան կարդալ-գրել չիմանալու համար, երեխան հոգեպես կոտրվել է, սկսել բարդույթավորվել և կռվել համադասարանցիների հետ։

Ծնողները խնդրել են Սանդրոյին հանել այդ դասարանից։ Սոցիալական աշխատողը նրանց հրավիրել է կենտրոն, որտեղ նրանց ընդունել են տորթով, երաժշտությամբ, փուչիկներով․․․ Այդպես, իրավիճակը ստացվել է հարթել։ Ավելի ուշ սոցիալական աշխատողը նկատել է, որ Սանդրոն պարում է, իսկ համադասարանցիները նրան ծափահարում են։ Իսկ ամենաշատը երեխաների հետ ուրախացել է հենց այն կինը, որը Սանդրոյի հանդեպ առանձնահատուկ կտրուկ վերաբերմունք է ունեցել։ Այսօր տղան կրկին ուզում է դպրոց վերադառնալ։

Այս պատմությունները մեզ պատմել է սոցիալական ծառայության աշխատակից Իրինա Ծերեթելին։ Նա խոստովանում է, որ երբեք չի մոռանա Սանդրոյի պատմությունը։ Եվ այն, թե ինչպես էր նա պարում, միշտ իր աչքի առաջ է լինելու։

Իրինան ինքն է հաճախ ծնողների փոխարեն գնում փաստաթղթային խնդիրներ լուծելու։ Ցերեկային կենտրոնում նա երեխաներին անհրաժեշտ հմտություններ է սովորեցնում, ցույց տալիս, թե ինչպես պետք է նստարանին նստել, բացատրում, թե ինչ է դպրոցում նշանակում զանգը, երեխաներին ցույց տալիս դպրոցները։ Հետևում է, թե ինչ ուրախությամբ են նրանք դպրոց գնում, ինչ տրամադրությամբ են դուրս գալիս դպրոցից։ Նա նշում է, որ կենտրոնների «շրջանավարտները» կարող են դպրոցում հալածանքի զոհ դառնալ այն պատճառով, որ այդ երեխաները պատկերացում չունեն հիգիենայի մասին, սոցիալականացման խնդիրներ ունեն, սեզոնին համապատասխան չեն հագնվում և այլն։

Սոցիալական աշխատողը չի համարում, որ խնդիրը միայն դպրոցի հետ է կապված։ Նա ասում է, որ հաճախ երեխաներն առանց դպրոցի են մնում ծնողների անտարբերության ու անպատասխանատվության պատճառով։ Նա այդպիսի մի փորձ է ունեցել․ երեխան դպրոց չէր գնում միայն այն պատճառով, որ «ծնողները չէին կարողանում նրան արթնացնել»։

«Նրանք շատ լավ գիտեն, որ նման վերաբերմունքով խախտում են իրենց երեխաների իրավունքները։ «Իսկ ի՞նչ անենք։ Բռնի ուժով հո տնից դուրս չենք հանելու։ Նա ինքը դպրոց չի գնում»։ Կամ ասում են, թե երեխան կոշիկ կամ հագուստ չունի։ Երբեմն դա ճիշտ է։ Երեխային դպրոցում կարող են ծաղրել, եթե նա ըստ սեզոնի հագնված չլինի»,- ասում է Իրինան։

Ո՞րն է ելքը

Մասնագետները դժվարանում են այս հարցին պատասխանել։ Թեև համակարծիք են, որ դպրոց վերադառնալու համար երեխային անհրաժեշտ է նախապատրաստել դրան։ ՄԱԿ Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Մայա Կուպարաձեն կարծում է, որ անհրաժեշտ է ուժեղացնել ցերեկային կենտրոններն, ինչպես նաև նոր ծրագրեր մշակել։

«Անհրաժեշտ է բարյացակամ շրջապատ ստեղծել, որը հոգ կտանի երեխայի կրթության, զարգացման համար։ Հակառակ դեպքում նա չի ունենա ոչ գիտելիք, ոչ սոցիալական հմտություն, և հավանականությունը մեծ է, որ  հեշտությամբ կընկնի օտարների ոչ անվտանգ ազդեցության տակ։ Որոշակի տարիքում երեխան պետք է ծնողի խնամքի տակ լինի, այդպես է նաև կրթական ոլորտում, որի բարեկեցությունը պետք է պետությունն ապահովի»,- ասում է UNICEF- կրթական ծրագրի ղեկավարը։

Կրթության ոլորտի փորձագետ Շալվա Տաբատաձեի կարծիքով՝ չնայած նրան, որ պետությունն ապահովում է կրթության հասանելիությունն, անհրաժեշտ է ավելի ակտիվ աշխատել առանց կրթության մնացած երեխաներին դպրոց վերադարձնելու մեխանիզմ մշակելու ուղղությամբ։

«Անհրաժեշտ է առավել ակտիվ արձագանքել նման դեպքերին, և դա չպետք է կախված լինի միայն ծնողների և հենց երեխաների ցանկությունից։ Անհրաժեշտ է աշխատանք տանել ծնողների հետ, որպեսզի նրանք էլ համոզվեն, որ երեխան պետք է դպրոց վերադառնա»,- ասում է Տաբատաձեն։

Թե ինչ գործողություններ է ձեռնարկելու կրթության նախարարությունը, դեռ պարզ չէ։ Այս տարվա սեպտեմբերին լավագույն դեպքում ծրագիր պատրաստ կլինի, որի օգնությամբ պետությունը, հնարավոր է, լիարժեք տվյալներ կստանա բոլոր երեխաների մասին, որոնք դպրոց չեն այցելում, և միգուցե դրանից հետո նոր կսկսի աշխատել խնդրի լուծման ուղղությամբ։

ԽԱԹԻԱ ԳՈԳՈԲԵՐԻՁԵ
ՆԻՆՈ ՄԵՄԱՆԻՇՎԻԼԻ

ԹԲԻԼԻՍԻ
jam-news.net

Տեսանյութեր

Լրահոս