Բաժիններ՝

ՊԵԿ-ն իր պարգևատրումներով փայ է մտնում պետական բյուջեում. նախկին փոխնախարար

Կառավարության վերջին նիստում վարչապետի ներկայացմամբ ընդունվեց կառավարության որոշման մի նախագիծ, ըստ որի՝ Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) տրամադրվեց լրացուցիչ պարգևատրման ֆոնդ՝ 1,5 միլիարդ դրամի չափով: Փաստորեն, կառավարությունը ավելացրեց ՊԵԿ-ի՝ 2019 թվականի պարգևատրման ֆոնդը 3 անգամ՝ այն դարձնելով 2,33 միլիարդ դրամ: Բերված հիմնավորումն էլ վերաբերում էր կոռուպցիոն ռիսկերի կանխարգելմանը:

Սակայն իրողությունն այն է, որ ՊԵԿ-ը պարգևատրվում է պլանավորվածից ավելի հարկային մուտքերի համար:

2019թ. առաջին եռամսակում հավաքագրվել են պլանավորվածից 11,4 միլիարդ դրամով ավելի հարկային մուտքեր, իսկ տարվա համար գործադիրի ղեկավարին խոստացվել է շուրջ 40 միլիարդ դրամով ավելի հավաքագրում:

Ի դեպ, հենց այս մուտքերի հաշվարկով վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ 2019թ. հուլիսի 1-ից 10% ով բարձրացնել Զինված ուժերի (ԶՈՒ) աշխատակիցների, սեպտեմբերի 1-ից՝ 38.000 ուսուցիչների աշխատավարձերը:

Տնտեսագետ, սոցիալական պաշտպանության ոլորտի նախկին փոխնախարար Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ ՊԵԿ-ը մանիպուլյացիա է անում և ապակողմնորոշում է վարչապետին:

«Փաստորեն, ստացվում է՝ կարելի է կանխավ հնարավորից քիչ պլանավորել բյուջեի հավաքագրումները, հետո նախանշվածից իբր ավելի հավաքել և դրա համար ստանալ պարգևավճար՝ իբրև լավ աշխատանքի հատուցում»,- 168.am-ի հետ ՊԵԿ վարքագիծը մեկնաբանում է տնտեսագետը:

«Այդ դեպքում ո՞ւր մնաց պետական հատվածում կառավարության խոստացած աշխատավարձերի համընդհանուր բարձրացումը»,- հարց է բարձրացնում Թադևոս Ավետիսյանը և վարչապետին հիշեցնում, որ պետական համակարգում 2014թ. հուլիսից ներդրվել է պետական ծառայողների վարձատրության միասնական համակարգ, որը գործող կառավարությունը խոսք էր տվել ավելի զարգացնել, հատկապես՝ միասնականացնել պարգևատրումների հնարավորություններն ու չափերը:

«Սակայն իրականում դրվագային լուծումներով ավելի են խորացվում հանրության համար անընդունելի՝ պարգևատրումների խնդիրները: 2019թ. կրճատեցին պետական մարմինների արտաբյուջետային աղբյուրից պարգևատրման հնարավորությունները, որն իշխանությունները մեծ շուքով ներկայացնում էին՝ որպես կարևոր բարեփոխում: Հիմա էլ, hընթացս նորից վերադառնում են նախկին կարգավորմանը, բայց լրացուցիչ և մեծ պարգևատրման հնարավորությունը տրվում է միայն «ընտրյալներին»: Իհարկե, բացարձակապես պարզ չէ նաև այդ «ընտրյալների» իրական արդյունավետությունը: Պարզ է միայն, որ 2019թ. ՊԵԿ-ում կպարգևատրվեն մի քանի անգամ ավելի չափով, քան պետական մյուս մարմիններում»,- ասում է սոցիալական պաշտպանության ոլորտի նախկին փոխնախարարը:

Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ ակնհայտ է, որ պետական կառավարման արդյունավետության ապահովման տեսանկյունից մոտեցումը խնդրահարույց է դառնալու:

«Պարգևատրումների ընտրողաբար և դրվագային բարձրացումները չեն կարող համակարգային լուծում լինել: Ընդհակառակը՝ այստեղ անհրաժեշտ է համընդհանուր բարձրացնել պետական հատվածի հիմնական աշխատավարձը և ապահովել լրացուցիչ սոցիալական երաշխիքներ: Չի կարելի պետական կառավարման ոլորտներն ու աշխատողներին բաժանել օգտակարների և անօգտակարների: Մասնավորապես, այդ նույն նիստում կառավարությունը քննարկում էր 100 հազար աղքատ ընտանիքների մարտ ամսվա սոցիալական նպաստների վճարման ուշացման խնդիրը՝ մեղքը բարդելով պետական համակարգի շարքային աշխատողի վրա: Գուցե պատճառն այն, էր որ նրանց աշխատավարձերը մի քանի անգամ ցածր են ՊԵԿ-ում սահմանված միջին աշխատավարձից»:

Սոցիալական որոտի պաշտպանության նախկին փոխնախարարը դժվարանում է հասկանալ, թե ինչո՞ւ են ՊԵԿ աշխատակիցների պարգևավճարի մասին խոսելիս՝ մոտիվացնում այն իրենց ձեռքի տակով անցնող ահռելի փողերով ու դրանց նկատմամբ գայթակղություններով:

«Սոցիալական աշխատողները ևս ՊԵԿ չինովնիկներից մի քանի անգամ ցածր աշխատավարձեր են ստանում, բայց կատարում են ոչ պակաս լարված և բարդ, բյուջեի համար որոշիչ աշխատանք: Նրանց որոշումների հիման վրա տարեկան բյուջեից բաշխվում է միջինը 37 միլիարդ դրամի նպաստ: Բայց նրանց կատարողականի դեպքում երբեք հարց չդարձավ կոռուպցիոն ռիսկերը: Այս ոլորտում արվող բարեփոխումներն էլ, փաստորեն, արդյունք չեն տալիս: Գուցե այստեղ էլ առկա է նույն խնդիրը՝  ցածր աշխատավարձեր ու չմոտիվացված աշխատանք»,- ասում է մեր զրուցակիցը:

Թադևոս Ավետիսյանի համար ուշագրավ է այն, որ գործող օրենքով պետական ծառայողներին պարգևատրում է նախատեսված՝ նրանց աշխատանքի կատարողականի արդյունքներով, հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքի համար: Եվ պետական այս կամ այն մարմնում կոռուպցիան սահմանափակելու և հնարավոր անգործությունը բացառելու նպատակով բարձր պարգևատրումներ տալու համար օրենքով սահմանված հիմքեր չկան:

ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս