
Սև ծովում սկսվել են Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի Sea Shield համատեղ զորավարժությունները

Սեւ ծովում ապրիլի 5-ին սկսվել են Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների Sea Shield («Ծովային վահան-2019») համատեղ զորավարժությունները: Այդ մասին Twitter-ում հայտնել է ՆԱՏՕ-ին առընթեր Ուկրաինայի առաքելության մամուլի ծառայությունը:
Ներկայացուցչության տեղեկատվության համաձայն՝ բազմազգ ծովային զորավարժությունները Սեւ ծովում կընթանան ապրիլի 5-ից մինչեւ 13-ը: «Ռումինական տասնչորս ռազմանավ եւ Բուլղարիայից, Կանադայից, Հունաստանից, Նիդեռլանդներից, Թուրքիայից վեց ռազմանավ 2200 զինծառայողների մասնակցությամբ համատեղ մարտական առաջադրանքներ կկատարեն սեւծովյան տարածաշրջանում»,- ասված է հաղորդագրույթան մեջ:
Ավելի վաղ դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները Սեւ ծովում Ուկրաինային եւ Վրաստանին աջակցելու միջոցներ են համաձայնեցրել: Մասնավորապես, նախատեսվում են զորավարժություններ, տեղեկատվության փոխանակում եւ ռազմանավերի ժամանում ջրատարածքի նավահանգիստներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: