Մեհրիբան Ալիևայի հայտարարությունը փորձ էր հակադարձելու Աննա Հակոբյանի մարդասիրական նախաձեռնությանը. Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման կենտրոնի նախագահ Թևւան Պողոսյանի կարծիքով՝  Ադրբեջանը չի փոխվել ո՛չ իր վարքագծով, ո՛չ նպատակներով:

«Իրականության մեջ ինձ համար ևս մեկ անգամ ապացուցվեց այն, ինչ մինչ հանդիպումն ասել էի` ոչ մի յուրահատուկ բան չեմ սպասում»,- ասաց Թևւան Պողոսյանը՝ անդրադառնալով Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը:

Թևւան Պողոսյանի խոսքով` Ադրբեջանը չի ցանկանում առաջընթացի նպաստող որևէ քայլի գնալ: «Նրանք իրենց ձևով են ժամանակ շահելու, մենք էլ պետք է հասկանանք՝ ինչպես ենք օգտագործելու այդ ժամանակը և մեր այլընտրանքներն այնքան հզորացնենք, որ բանակցությունների սեղանին թելադրենք մեր օրակարգը:

Եթե մեր նպատակն է ոչ մի բան չզիջել, պետք է կարողանանք Արցախը վերաբնակեցնել և դա անել առանց ամաչելու»,- ասաց նա:

Խոսելով այն մասին, թե ինչ խնդիր է դրել Ադրբեջանն ու ինչի է ուզում հասնել հանդիպումից հետո հայտարարելով, թե Ադրբեջանի դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի եղել և պատերազմը դեռ չի ավարտվել՝ Պողոսյանը նշեց.

«Իմ պատկերացմամբ՝ նա մի խնդիր է դրել իր առջև ջարդել հայկական միասնականությունը: Դրա համար կարևոր չի ինքը համաձայնվել է, չի համաձայնվել նրան, ինչ խոսվել է, ինքը հանդիպումից դուրս գալուց հետո գիտեր, որ հատուկ մեսիջներով սկսելու է աշխատել ու ասել, որ ոչ մի բան չի փոխվել և ինչպես Փաշինյանն իր մեծ ասուլիսում ասել էր՝ որևէ երրորդ երկրում որևէ չինովնիկ մի բան է ասում ու Հայաստանն ալեկոծվում է: Իմանալով սա՝ Ալիևն ամբողջությամբ իր ցանկությամբ սկսեց ներկայացնել իրավիճակը: Դա էր խնդիրը ու ժամանակ շահելու ձևը»:

Թևան Պողոսյանն ընդգծեց, որ հայկական կողմը օրակարգը պետք է իր ձեռքը վերցնի ու կարողանա այն խաղացնել սեփական այլընտրանքները հզորացնելու համար:

Անդրադառնալով Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը երբեք չի համակերպվի իր տարածքների կորստյան հետ ու Ղարաբաղի ամեն գյուղում և քաղաքում ծածանվելու է Ադրբեջանի դրոշը, Թ. Պողոսյանն ասաց, որ Մեհրիբան Ալիևայի հայտարարությունը փորձ էր հակադարձելու Աննա Հակոբյանի մարդասիրական նախաձեռնությանը:

«Աննա Հակոբյանի առաջարկում ոչ թե խնդրի լուծումն է դրված, այլ՝ խաղաղություն քարոզելու, ինչը Մեհրիբան Ալիևան փորձեց ջարդել ու ասել, որ իր պատկերացմամբ խաղաղությունն այն է, երբ Արցախի բոլոր գյուղերում և քաղաքներում ծածանվի արդբեջանական դրոշը:

Եթե այս խաղաղությունը չենք ընդունում, պետք է հասկանանք, որ այս նախաձեռնության մեջ պետք է ինչ-որ բաներ փոխենք:

Հասկանալի է, չէ՞, որ Մեհրիբան Ալիևան բոլոր պետական ինստիտուների հետ համաձայնեցրել է այս հայտարարություննը ու նույն ձև էլ մեր պետական այրերը, երբ մի բան ասում են՝ դրանք համաձայնեցված են, ու ես շատ ուրախ եմ, որ ոգեշնչման կոչ ունեցան ինչպես Դավիթ Տոնոյանի, այնպես էլ Արթուր Վանեցյանի հայտարարություններից: Դրանք պետք է վերածել իրական քաղաքականության»,- ասաց Թ. Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս