Մարդիկ, որ փողոց էին դուրս եկել, ունեն պահանջներ, բոլոր իրավունքներն ու անհամբեր սպասում են փոփոխությունների. Սվիտալսկի
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում տեղի են ունենում «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումներ:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ մարդու իրավունքների հետ կապված խնդիրներն այնքան շատ են, որ ժամանակը չի բավականացնի դրանք թվարկել: Ըստ նրա՝ խորհրդարանի դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում չի սահմանափակվում միայն օրենսդրական գործունեությամբ, այլև վերահսկողական դեր ունի գործադիրի հանդեպ. «Խորհրդարանը հիմնականում տարիներ ի վեր չի կարողացել իրականացնել իր վերահսկողական գործառույթը գործադիրի հանդեպ և հատկապես՝ նման զգայուն ու խոցելի ոլորտներում»:
Նա հույս հայտնեց, որ գործընկերային վերահսկողության շնորհիվ կկարողանան գործադիր իշխանությանը բերել հաշվետվողականության դաշտ:
ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին կարևորեց մարդու իրավունքների ոլորտի խնդիրների հանրային քննարկումները, ինչը, ըստ նրա, հատկապես կարևոր է ժողովրդավարական մշակույթի առաջխաղացման համար: Դեսպանը գոհունակությամբ մատնանշեց քաղհասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը լսումներին.
«Մենք մասնակցում ենք այս քննարկմանը՝ ընդունելով, որ ԵՄ-ն դերակատարում ունի այս երկխոսության մեջ իր գործընկերների հետ, և մարդու իրավունքների պաշտպանությունը մեր առաջնահերություններից է»:
Պ.Սվիտալսկին տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ՝ երկուշաբթի օրը, Բրյուսելում կայանալու է մարդու իրավունքների պաշտպանության հարցերի քննարկում հայ գործընկերների հետ:
Ըստ նրա՝ անցած տարի «թավշյա հեղափոխությունը» նոր քննարկումների դաշտ բացեց: Դեսպանի խոսքով՝ մարդու իրավունքների հետ կապված խնդիրները չեն վերացել. «Անգամ ամենաժողովրդավարական հասարակություններում մենք խնդիր ունենք արձագանքելու մշտական մարտահրավերներին»:
Պ.Սվիտալսկին նկատեց, որ 12 ամիսը գուցե փոքր ժամանակ է, բայց մարդիկ, որ փողոց էին դուրս եկել, ունեն պահանջներ, բոլոր իրավունքներն ու անհամբեր սպասում են փոփոխությունների. «Ես կարծում եմ՝ շատ փոփոխություններ արդեն տեղի են ունեցել, բայց դեռևս կան խնդիրներ, և ձեր օրակարգն է՝ այսօր դրանք բարձրաձայնելը»:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկումը քաղաքական դիտանկյունից է ընկալվում, մինչդեռ միջազգային պրակտիկան ընթանում է այն ուղղությամբ, որ դրանք ներկայացվեն հենց մարդու իրավունքների դիտանկյունից և զերծ պահվեն քաղաքական ազդեցությունից: Նա ևս կարևորեց խորհրդարանական վերահսկողությունը գործադիրի հանդեպ մարդու իրավունքների ոլորտում, նաև կարևորեց քաղաքացիական հասարակության դերը:
«Դատաիրավական բարեփոխումները մարդու իրավունքների պաշտպանության ցուցիչներից են երկրում»,- նշեց Ա.Թաթոյանը՝ հավելելով, որ անելիքներ ունեն հաշմանդամություն ունեցող մարդկանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում:
«Բոլոր բարեփոխումների առանցքում պետք է լինի ՀՀ քաղաքացին»,- ասաց ՄԻՊ-ը: