Ատոմ Ջանջուղազյանը՝ ընդդեմ Դավիթ Անանյանի. Կառավարությունը քննարկեց տարվա թիվ 1 սկանդալային հարցը՝ պարգևատրումները

Այսօր կառավարության նիստում քննարկվեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ, տարվա թիվ մեկ սկանդալային հարցը՝ ՊԵԿ-ի պարգևատրման հարցերը:

«Չնայած դա ընդունված է սկանդալ համարել, բայց ես դա համարում եմ շատ կարևոր քննարկում, որովհետև դա վերաբերում է պետական ծառայության մասին մեր հիմնարար պատկերացումներին»,- ասաց Ն.Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ այս տարվա առաջին եռամսյակում ՊԵԿ-ը 11.4 մլրդ դրամով գերակատարել է հարկային եկամուտների պլանը, որը գերազանցում է պահուստային ֆոնդը 2 մլրդ դրամով, իսկ ՊԵԿ-ը պարտավորվել է առնվազն 40 մլրդ-ով գերակատարել տարեկան պլանը. «Դա հնարավորություն է տալիս 2019 թ. հուլիսի 1-ից բարձրացնել զինծառայողների աշխատավարձը և 2019 թ. սեպտեմբերի 1-ից բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը: Ես ուզում եմ անկեղծ ասել, որ 2018թ. հավաքագրումների առումով շատ բարդ տարի է եղել, և մենք շատ լարված ենք եղել այդ առումով, որովհետև դա իր մեջ ունեցել է նաև քաղաքական կոմպոնենտ»:

Փաշինյանի խոսքով՝ հակահեղափոխական դավադրության կարևոր նպատակադրումներից մեկն այն էր, որ կառավարությունը չկարողանա ապահովել հարկային հավաքագրումները, որից շղթայական ռեակցիայով չեն ստանա աշխատավարձերն ու թոշակները, որից էլ կբխի քաղաքական հետևություն: Վարչապետը նշեց, որ այս տարի ավելի լավ իրավիճակ է, և հարկային հավաքագրումները կգերակատարվեն՝ առանց ռեպրեսիվ ու բիզնեսին ճնշող գործողությունների, այսինքն՝ փափուկ դաշտում:

Կարդացեք նաև

Անդրադառնալով արտաբյուջետային հիմնադրամներից հրաժարմանը՝ Փաշինյանը նշեց, որ տարընթերցում կա՝ ժամկետների հետ կապված, և պետք է լավ ուսումնասիրել հետևանքները:

Ն.Փաշինյանը շեշտեց, որ պետական ծառայությունը պետք է գրավիչ դարձնել բարձր մասնագիտական որակավորում ունեցող կարդրերի համար, և խնդիրն առանձին վերցրած պաշտոնյաների բարեկեցության հարցը լուծելը չէ, այլ հանրությանը մատուցվող ծառայության հարց է: Նա նկատեց, որ մաքսային աշխատողը, որն օրական տասնյակ-միլիոնների հետ է գործ ունենում, ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ, և, եթե իրավիճակն այսպես թողնվի, կնշանակի, որ ծառայողին ասում են՝ գնա գլխիդ ճարը տես:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը զեկուցեց, որ առաջարկվում է ՊԵԿ արտաբյուջեն ուղղել 1.5 մլրդ դրամով և այն ուղղել պահուստային միջոցներ՝ աշխատողների պարգևատրումների համար: Ըստ նրա՝ տարեսկզբի ազատ միջոցներն արդեն կազմում են 2 մլրդ 80 մլն:

Վարչապետը նշեց, որ սա միջանկյալ լուծում է, մինչև ինստիտուցիոնալ լուծում տրվի խնդրին:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ միջոցները պետք է միասնական տրամաբանությամբ օգտագործվեն, օրինակ՝ որևէ պաշտոնյայի գործողության արդյունքում կախված է տվյալ պաշտոնյայի բարեկեցության աստիճանը, ինչը մոտիվացնում է պաշտոնյային՝ խախտում արձանագրել, ոչ թե կանխարգելիչ գործողություն կատարել: Նա նշեց, որ առայժմ չունեն միասնական փաթեթ, հույս հայտնեց, որ արտաբյուջեները կփակվեն, ու փոխարենը՝ զարգացման ֆոնդեր չեն ստեղծվի: Ջանջուղազյանի կարծիքով՝ մաքսավորի բերված օրինակով՝ պարգևավճարները չեն վերացնում առկա ռիսկերը, որովհետև նրա կողմից կայացվող որոշումներն անհամեմատ մեծ են, իսկ լուծումն այդ որոշումներն առաջին գծից տեղափոխելն է:

Նախարարը հայտարարեց, որ բացարձակ թվերը ոչ միշտ են իրական պատկերը բացահայտում և 11.4 մլրդ-ը՝ որպես գումարի մեծություն, լավ է, բայց գուցե 20 մլրդ դրամն ավելի լավ լիներ. «Մենք ստանձնել ենք պարտավորություն, որ մեր գնահատած հարկային պոտենցիալի նկատմամբ հարկային եկամուտների շեղումը նվազագույնի հասցնենք: Իսկ մեր հարկային պոտենցիալը շատ ավելի մեծ է գոնե այն մեթոդաբանությամբ, որ մենք շրջանառել ենք, և հիմա գտնվում է գնահատման փուլում, և երբ ավարտին հասցվի, խոսքը կարող է գնալ ոչ թե 40 մլրդ-ի, այլ տասն անգամ ավելի գումարի մասին: Ջանջուղազյանը կարդաց նախագծի հիմնավորումը՝ «շուրջ 27 տարի Կոմիտեի համակարգում խնդիրները լուծվել են հիմնականում Կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հաշվին, որը հանդիսացել է համակարգում կոռուպցիոն ռիսկերի վերացմանն ուղղված հիմնական կանխարգելիչ միջոցը»:

«Դժվար է արձանագրել, որ դա հաջողվել է, եթե խոսքը վերաբերում է 27 տարիների ընթացքում տեղի ունեցած էս նպատակին ծառայելուն,- ասաց Ջանջուղազյանը՝ պնդելով, որ որևէ գումարի չափ չի կարող լուծել այդ խնդիրները,- Գոնե պարգևատրման եղանակով տրվող փողով հնարավոր չի այս խնդիրները լուծել»:

Ֆինանսների նախարարը նկատեց, որ նախագիծն ընդունվելու դեպքում «հավասարների մեջ կունենանք ամենահավասարը», և ՊԵԿ-ի աշխատանքը կառանձնացվի մյուսների մեջ, սակայն բոլոր պետական մարմիններն էլ կարևոր աշխատանք են իրականացնում: Ջանջուղազյանի կարծիքով՝ պարգևավճարների հարցը կարելի է լուծել որևէ ծրագրի միջոցով, սակայն կոռուպցիայի դեմ պայքարում դա արդյունավետ չէ:

Ն.Փաշինյանի կարծիքով՝ երկու կողմն էլ ճիշտ է, խնդիրն այն է, թե որ փաստարկներն են առաջնահերթությամբ դասավորվում. «Ձիերի երամակը կանգնացնելու համար անխուսափելիորեն դու պետք ա նրա հետ ինչ-որ տարածք վազես, հակառակ դեպքում չես կանգնացնի: Մենք իրականում այս պրոցեսը կանգնացնելու մեջ ենք՝ նաև այս որոշումը կայացնելիս»:

Նա նշեց, որ նախորդ տարի ՊԵԿ-ի պարգևատրումների հիմնադրամը եղել է 6 մլրդ դրամ, ըստ օդում կախված լուրերի՝ եղել է նաև ծրարով վճարումների պրակտիկա, և այժմ այդ ամբողջ համակարգը հիմքից կտրելու դեպքում պետք է մտածել, թե ինչ է լինելու. «Եթե փորձենք բոլոր անհամաչափությունները մի քայլով հավասարացնենք իրար, մենք կունենանք պետական կառավարման համակարգի կոլապս: Դրա համար մենք փուլային տարբերակով ենք գնում, ինչ-որ տեղ գրոհում ենք, հետո նահանջում ենք, հետո էլի ենք գրոհում ու նահանջում, հետո ասում ենք արդյունքի հետ կապված»:

Տեսանյութեր

Լրահոս