Բաժիններ՝

«Մոռացա ասեմ՝ թու-թու, լավ բաներ ասելուց հետո…». Ֆելիքս Ցոլակյան

«Էսքան վատ բան խոսալուց հետո, երևի թու-թու-թու, ասեմ առաջին լավ բանը, որ հովտային և նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99%-ով չի սպասվում»,- այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Ըստ նրա՝ տեղումները ապրիլ-մայիսին նորմայից ավելի, իսկ հունիսին՝ նորմայի սահմաններում կլինեն, ջերմաստիճանի փոփոխման հետ կապված գետերից ելքը մեծանալու է, այսինքն՝ գետերը ջրառատ են լինելու մայիսին: Նա նշեց, որ այս տեղեկությունը փոխանցել է տարածքային կառավարման նախարարություն և մարզպետարաններ, բայց 3-4 օր առաջ կարող են միայն ասել՝ վարարում լինելու է, թե ոչ:

Սևանա լճի մակարդակը, ըստ նախարարի, այսօրվա դրությամբ 7 սմ-ով պակաս է անցած տարվա համեմատ, բայց դա նորմալ է, որովհետև անցած տարի եղանակն ավելի տաք էր և հալած ջրերը լցվել էին լիճ: Ֆ.Ցոլակյանի խոսքով՝ Սևանի մակարդակը հունիսի սկզբին 45 սմ կբարձրանա:

Այս տեղեկությունը հարուցեց Նիկոլ Փաշինյանի զարմանքը, սակայն Ցոլակյանը նորից կրկնեց ու հաստատեց դա: Նա հավելեց, որ տարվա վերջին լճի մակարդակը 5-10 սմ բարձր կլինի նախորդ տարվա համեմատ: Նախարարը նշեց, որ ջրամբարները ջրառից առաջ լցված կլինեն շուրջ 80%-ով:

«Մոռացա ասեմ՝ թու-թու, լավ բաներ ասելուց հետո…»,- հավելեց Ֆ.Ցոլակյանը:

Ն.Փաշինյանը արձանագրեց, որ փաստորեն գյուղատնտեսության համար այս տարի 90%-ով բարենպաստ է լինելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս