«Ով է շահում Դուշանբեի պայմանավորվածությունից». Քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ոչ թե  Մինսկի խմբի համանախագահներն են մոռացության մատնել, այլ հայկական կողմը դրանք չի մղել առաջին պլան։
Այս մասին քաղտեխնոլոգն ասաց 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով այն խոսակցություններին, որ Փաշինյան-Ալիև հանդիպան ընթացքում և հետո, կողմերից որևէ մեկը, այդ թվում՝ Մինսկի խումբը, որևէ հիշատակում չարեցին այդ պայմանավորվածությունների մասին։

«Այս պահին առաջին պլան է մղված Դուշանբեի բանավոր պայմանավորվածությունը, որն ամեն դեպքում ինստիտուցիոնալ չէ և փաստաթղթային որևէ պայմանավորվածություն չի բերում։ Դժվարանում եմ ասել, թե սա որքանով է արդարացված։ Գուցե հայկական կողմը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի  պայմանավորվածությունները համարում է իր ռեզերվներից մեկը։

Այսինքն, քանի դեռ Դուշանբեի՝ իրար վրա չկրակելու պայմանավորվածությունն ինչ-որ ձևով աշխատում է, այդ երկու պայմանավորվածությունների մասին չի հիշատակվում։ Այլ հարց է, թե Դուշանբեի պայմանավորվածությունից ով է շահում, գիտենք, որ Ադրբեջանը սահմանին ինժեներական լուրջ աշխատանքներ է իրականացնում այս ընթացքում, երբ կրակ չկա»,- ասաց քաղտեխնոլոգը։

Նա նաև նկատեց՝ հայաստանյան «զինանոցում» Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները դեռևս մնում են, քանի որ հայկական կողմից որևէ մեկը չի ասել, որ դրանք չեղյալ են համարել, սակայն չեն էլ ցանկանում առաջին պլան մղել։

Կարդացեք նաև

«Առաջին պլան է մղվում Դուշանբեի պայմանավորվածությունը, քանի որ այն դեռ աշխատում է, և մտածում են՝ քանի դեռ աշխատում է, թող աշխատի։ Թե սա որքանով է արդարացված, կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա։ Ըստ իս, ժամանակի ընթացքում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ռեինկարնացիայի կենթարկվեն և ավելի կարդիականացվեն։ Քանի որ դրանք կարևոր ձեռքբերում էին ապրիլյան պատերազմից հետո, որը բխում էր իրավիճակից»,- ընդգծեց քաղտեխնոլոգը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս