
Տեսչական մարմինը ԱԳԼՃԿ-ներին հորդորում է խստագույնս հետևել լցակայաններում վաճառվող գազի չափաբաժնին

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, հաշվի առնելով վերջին շրջանում մեր քաղաքացիներից ստացվող բազմաթիվ բողոքներն ու դժգոհությունները, ԱԳԼՃԿ բոլոր տնտեսվարողներին և աշխատակիցներին հորդորում է խստագույնս հետևել լցակայաններում վաճառվող գազի չափաբաժնին:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ խախտումներից՝ խուսափել թերի լիցքավորումներից և գազի ճնշման սահմանված չափի գերազանցումից, հետևել «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Չափագիտության ազգային մարմնի պաշտոնական կայքում՝ www.metrology.am հրապարակվող ամենօրյա մատակարարվող գազի խտության չափին, լինել բարեխիղճ սպառողների հանդեպ, պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ: Այլապես տեսչական մարմինը ստիպված կլինի դիմել վերահսկողական-վարչարարական առավել խիստ միջոցների:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սպառողներին հորդորում է լինել հանրային վերահսկող անպայման պահանջել ՀԴՄ կտրոն և ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին: