«Սերժ Սարգսյանը կխոսի՝ «ինչո՞ւ էր նա սխալվել, իսկ Նիկոլ Փաշինյանը ճիշտ» հարցից սկսած՝ մինչև Արցախյան հակամարտության կարգավորում». Արմեն Աշոտյան
ՀՀԿ անդամները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին։
Լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին Սերժ Սարգսյանին, սակայն նա չցանկացավ պատասխանել, փոխարենը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը զրուցեց լրագրողների հետ և վստահեցրեց՝ շուտով Սերժ Սարգսյանը կխոսի։
«Հասկանում եմ, որ Սերժ Սարգսյանի խոսքը սպասված ու պահանջված է, և նրա այս գրեթե մեկ տարվա լռությունը պակաս խոսուն ու արտահայտիչ չէ։ Ամեն ինչ ունի իր ժամանակը, ունի իր հասարակական, քաղաքական պատեհ պահը, քաղաքական տրամաբանությունը, որի մեջ էլ Սերժ Սարգսյանը կխոսի։ Թե «ինչո՞ւ էր նա սխալվել, իսկ Նիկոլ Փաշինյանը ճիշտ» հարցից սկսած՝ մինչև Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված իր գնահատականները»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Նա հերքեց այն տեղեկությունները, թե Սերժ Սարգսյանն առաջինը խոսելու է ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ՝ ապրիլի 23-ին։
Նրա խոսքով, եթե Սերժ Սարգսյանը որոշի խոսել, ապա առաջինը խոսելու է հայկական լսարանի հետ, ձևաչափի մասին, սակայն ոչինչ չասաց։
«Դեռ ժամանակ կա, քննարկվում են տարբեր ձևաչափեր։ Արդեն ունենք մեկ տասնյակից ավելի հրավերներ տարբեր լրատվամիջոցների կողմից, որպեսզի այդ հարցազրույցն անցկացվի իրենց մոտ, այդ հրավերները բաց են, որոնք իմ միջոցով փոխանցում են Սերժ Սարգսյանին։ Վստահ եմ, էլի կլինեն հրավերներ։ Թեև մենք ամեն օր շփվում ենք նրա հետ, բայց անկեղծ ասեմ՝ ինձ էլ է շատ հետաքրքիր նախագահի հանրային խոսքը՝ հասարակության, երկրի առջև կանգնած բազմաթիվ հարցերի վերաբերյալ։ Ես էլ եմ շահագրգիռ, որ այդ խոսքը լինի, և որքան հնարավոր է՝ հասանելի լինի հանրությանը։ Խոսելու ժամկետներն ավելի շատ դիտարկեք՝ որպես տեխնիկական խնդիր»,- շեշտեց Ա. Աշոտյանը։
Նա նաև ասաց, որ Սերժ Սարգսյանը չի լքել և չի էլ պատրաստվում լքել քաղաքական դաշտը, և ակտիվ քաղաքականությունը ենթադրելու է խոսելու պարբերականություն, և հանրությունը երրորդ նախագահից լսելու է բանավոր խոսք։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան