Բաժիններ՝

«30 տարի անց Հրազդան մարզադաշտում». Ձախ Հարութը կներկայանա բացառիկ համերգով

ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը կներկայանա բացառիկ համերգով: Հունիսի 30-ին, ժամը 19:00 Հրազդան մարզադաշտում կկայանա երգչի՝ «30 տարի անց Հրազդան մարզադաշտում» խորագիրը կրող համերգը: Ձախ Հարութի երկրպագուները հնարավորություն կստանան վայելելու հին և սիրված երգեր, ինչպես նաև նոր ստեղծագործություններ ու անակնկալ համարներ:

Համերգն այս խորհրդանշական մարզադաշտում անցկացնելու գաղափարը միջոցառման կազմակերպիչ Yeghoyan Production-ի ղեկավար, արտիստի ընկեր Խաչիկ Եղոյանինն է, ով Ձախ Հարութի հետ աշխատում է 2012 թվականից:

1989 թվականին Հարութ Փամբուկչյանն ուղիղ 6 օր աննախադեպ համերգներով հանդես է եկել հենց այս մարզադաշտում՝ լեփ-լեցուն հանդիսատեսին պարգևելով բացառիկ երեկոներ: Այդ համերգներին մասնակցած սերունդները դրանք մինչ օրս մեծ սիրով ու ջերմությամբ են հիշում: Ձախ Հարութը համերգներից ստացած հասույթն այդ տարի ուղղեց բարեգործության՝ որպես աղետի գոտում տուժածներին օգնություն:  Այս օրերին Հրազդան մարզադաշտը, որտեղ շուրջ 10 տարի չի անցկացվել որևէ միջոցառում, տեսքի է բերվում և նոր կյանք ստանում: Այս համերգը  գուցե և ազդարարի մարզադաշտի վերածնունդը:

Նշենք, որ հունիսի 30-ին Հրազդան մարզադաշտում կայանալիք համերգին կմասնակցեն նաև երգչի ընկերները՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Անդին, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը: Այս արտիստներն ընտրվել են Հարութ Փամբուկչյանի հետ քննարկման արդյունքում:

Տեղեկացնենք, որ համերգի տոմսերն արդեն իսկ վաճառքում են:

Հավելենք, որ սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը ծնվել է 1950թ. Երևանում: Հայտնի է նաև «Ձախ Հարութ» անունով՝ ձախլիկ լինելու պատճառով: Վաղ տարիքից սովորել է կիթառ, սազ, բուզուկի, դհոլ ու դաշնամուր նվագել: 1968թ. ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1975 թ. կարճ ժամանակով մեկնել է Լիբանան, այնուհետև` ԱՄՆ, որտեղ երկու ամիս բնակվելուց հետո, թողարկել է առաջին ձայնասկավառակը` «Ուր էիր Աստված»: Սկզբնական շրջանում երգել է Լոս Անջելեսի հայկական ակումբներում: Երգացանկում ներառված են եղել հիմնականում ազգագրական, ժողովրդական, պարային և այլ կատարումներ:

Բազմաթիվ համերգներով հանդես է եկել նաև աշխարհի տարբեր երկրներում` Եվրոպայից մինչ Արևելք, Ավստրալիայից մինչ Ռուսաստան: Նրա երգերը ոգեշնչել են հայ մարտիկներին Արցախի պատերազմի ժամանակ: 1996 թ. համագործակցել է երաժիշտ Ռուբեն Հախվերդյանի հետ և համատեղ թողարկել «Երգը նաև աղոթք է» ձայնասկավառակը: Թողարկել է նաև այլ սկավառակներ:

Ահա 1989 թվականի համերգի տեսագրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս